երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Մակունցը Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամների հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Կոնգրեսի շենքում կայացել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի և Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի տասնյակից ավել անդամների միջև հանդիպում-քննարկում։

Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել կոնգրեսականներին՝ Հայաստանին և հայ ժողովրդին հուզող հարցերին մշտապես սատարելու, Կոնգրեսում հայանպաստ բանաձևերի ընդունման համար։ Մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևերի ընդունման, ինչպես նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերած ագրեսիան դատապարտելու և համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։
 
Դեսպան Մակունցը կոնգրեսականներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ծրագիրը, հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգը և տարածաշրջանային ներկայիս անվտանգության հարցերը։ Այդ համատեքստում կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում:
 
Դեսպան Մակունցը ներկաների ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմին հաջորդած մարտահրավերների ու հումանիտար ճգնաժամի վրա՝ առաջնահերթ ընդգծելով Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անվերապահ հայրենադարձման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում դեսպան Մակունցը պատասխանել է կոնգրեսականներին հետաքրքրող հարցերին։

  • Կիսվել: