հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մակունցի պարզաբանումը՝  ինչու էր «Իմ քայլը» խմբակցությունը լուռ ԲՀԿ-ի ելույթների ժամանակ

Մակունցի պարզաբանումը՝  ինչու էր «Իմ քայլը» խմբակցությունը լուռ ԲՀԿ-ի ելույթների ժամանակ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոյկոտին և քաղաքական հայտարարությանը:

«Որպես ապացույց «Բարգավաճ Հայաստանը» բերում է հունիսի 5-ի իր քաղաքական հայտարարության պատասխանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կողմից, և սա վերագրվում է որպես ընդդիմությանը լռեցնելու փորձ: Նախ, կարծում եմ՝ բոլորս պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից, որը ոչ միայն անհամարժեք է և չի համապատասխանում մեր արժեքային հենքին, այլև չի համապատասխանում իրականությանը: Եվ ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ որևէ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը»,- հայտարարեց Լիլիթ Մակունցը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն ասաց, որ իր գնահատմամբ, հունիսի 5-ին հնչած քաղաքական հայտարարությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից արված մյուս բոլոր հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. առաջին՝ խոսվել է արտակարգ դրության պայմաններում կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին, և երկրորդ՝ Կառավարության 97 տոկոս փոփոխության պահանջը փոխվել էր 100 տոկոսի:

Հետևաբար, ըստ նրա, ԲՀԿ խմբակցության նախորդ քաղաքական հայտարարություններն իրենց շեշտադրումներով շատ քիչ են տարբերվել հունիսի 5-ին արված հայտարարություններից։

Լիլիթ Մակունցը պարզաբանեց նաև, թե խմբակցությունն ինչու էր լուռ հունիսի 16-ի նիստում՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունների քննարկմանը:

«Երեկ նույնպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերները խոսում էին քաղաքական մեծամասնության կողմից ընդդիմությանը լռեցնելու մասին և այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր: Հետաքրքիր էր նաև հետևել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության գործընկերների ելույթները այնպես էին ձևակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին: Իսկ մենք լուռ էինք: Պարզաբանեմ՝ ինչու: Որովհետև իրավական գործընթացին, «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել իրավական կողմը ներկայացնող դատախազի միջնորդությունը, լսել այդ առումով կողմ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հարցադրումները և ելույթները, և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը: Լուռ էինք, որովհետև թե՛ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց որևէ ավելորդ զեղումների, ավելորդ ելույթների լսել և հասկանալ, թե ինչ է կատարվում իրավական գործի առնչությամբ՝ անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին փորձում ընդդիմադիր գործընկերները այն ներկայացնել քաղաքական հետապնդում»,- հայտարարեց  Լիլիթ Մակունցը։

Նա նշեց, որ բոյկոտելը, ի վերջո, ընդդիրմության իրավունքն է:

Ըստ Լիլիթ Մակունցի, խոսքի ազատությունն ու ժողովրդավարությունը ՀՀ կարևորագույն ձեռքբերումներ են, և դրա ապացույցը ընտրություններն են, ԶԼՄ-ներում ու տարբեր հարթակներում քաղաքական թիմի հասցեին արվող քննադատությունն է, որը, ցավոք, հաճախ նաև անձնական վիրավորանքներով է ուղեկցվում:

Խմբակցության ղեկավարը նաև ընդգծեց, որ վերջին շրջանում բոլոր հնարավոր հարթակներում փորձ է կատարվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ՝ դրանով իսկ փորձ կատարելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ:

«Ուստի, որևէ գործով, որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը՝ կրկին հայտարարում ենք, որ ՀՀ-ում անխտիր բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ զբաղեցրած դիրքից, կուսակցական պատկանելիությունից, քաղաքական հայացքներից»,-նշեց Լիլիթ Մակունցը։

  • Կիսվել: