Մակրոնը Ալիևի հետ զրույցում վերահաստատել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հեռախոսազրույցի մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Շփվեցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նրան հիշեցրեցի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ֆրանսիայի աջակցության և դրա հետագա առաջմղման կարևորության մասին։ Քննարկեցինք նաև տարածքաշրջանային հարցեր և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»,- գրել է Մակրոնը։
Մակրոնի հետ հեռախոսազրույցին X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր հեռախոսազանգ ստացա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները»,- գրել է Ալիևը։


