չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
ՄԱԿ ԱԽ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին մասնակցել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններին․ ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ ԱԽ-ն պետք է կոչ անի Ադրբեջանին մասնակցել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցություններին․ ՀՀ ներկայացուցիչ

Անվտանգության խորհուրդը պետք է կոչ անի Ադրբեջանին խաղաղ կերպով մասնակցել բանակցային գործընթացին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերով, ներառյալ կարգավիճակի հարցը։ Այս մասին ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։

«Այսօրվա ագրեսիան միայն ղարաբաղյան բանակցություններից դուրս գալու եւ ռազմական լուծմանը նախապատվություն տալու միտումնավոր որոշում է։

2020-ի լայնածավալ ռազմական ագրեսիան իրականացվեց համավարակի պայմաններում, եւ համաշխարհային մասշտաբների այս հանցագործությունն արդեն այդ կերպ պետք է գնահատվի։

Ուժի կիրառումը, սպառնալիքները՝ բոլոր հակամարտություններում Ադրբեջանի վարքագծի օրինակն է։ Այն որ Ադրբեջանը բռնի ուժով չեղարկել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հավաքական իրավունքները եւ վերացրել է այն հողի անունը, որտեղ ապրում են հայերը, դրա օրինակն են։ Մենք Անվտանգության խորհրդին կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի կանոնադրությամբ ստանձնած իր պարտականությունները՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանման համար։

Ադրբեջանը պետք է կատարի իր մարդասիրական պարտավորությունները հայ ռազմագերիների նկատմամբ, ինչպես նաեւ պարտավոր է պահպանել մշակութային եւ կրոնական հուշարձանները, զբաղվել հակահայկական հռետորաբանության խնդրով, մասնավորապես՝ պետական ծառայողների եւ պետական հաստատությունների շրջանում։

Պետք է դատապարտել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ չպատճառաբանված ագրեսիան, անհրաժեշտ է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրս բերումը իմ երկրի տարածքից։

Պահանջում ենք ապագայում զերծ մնալ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի ցանկացած ակտից, լիովին կատարել միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ ակտը եւ ամենաբարձր մակարդակով ընդունված եռակողմ հայտարարությունները»,- ընդգծել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։

  • Կիսվել: