հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի կապ չունի Միքայել Մինասյանի հետ. Մարուքյան

«Հարցն աբսուրդ է»,- այսպես արձագանքեց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկաբար Էդմոն Մարուքյանը լրագրողի այն հարցին, թե վերջին անգամ երբ է խոսել Միքայել Մինասյանի հետ, ինչ կոնտեքստում, արդյոք նախկին իշխանությունների ներկայացուցիչներից որևէ մեկի հետ կապ ունի։

«Դա աբսուրդ է, պայմանական կարող եմ ինչ-որ մեկի հասցեին մեղադրանք հնչեցնել, զրպարտել, որն իրականությանը չի համապատասխանում։ Հիմա ովքեր պնդում են, զրպարտում են, նրանցից քիչ առաջ ապացույցներ ուզեցիք, որոնք չներկայացրեցին։ Հիմա դրանից հետո այդ հարցն ինձ  ինչի՞ եք տալիս»,- նշեց Էդմոն Մարուքյանը։

Նա միաժամանակ հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստան»-ը կապ չունի ոչ Միքայել Մինասյանի, ոչ էլ իմքայլականների թվարկած ցանկացած նախկինների հետ։

«Ուզում եմ ասել հետևյալը. այսուհետ երբեք «Լուսավոր Հայաստան» կուսակցության որևէ ներկայացուցիչ չի պատասխանելու նախկիների հետ կապերի վերաբերյալ որևէ հարցի։ Այս օրերի ընթացքում մենք սպասում էինք հայտարարությունները հիմնավորող ապացույցների, դա չեղավ: Հիմա սիրելի լրագրողներ, ով այդ մասին խոսի, պետք է ասեք, որ ապացուցի, այլ ոչ թե ինձ ասեք՝ սա էսպես ասաց, դու էլ հերքի։ Ստացվում է, որ մենք անընդհատ արդարանում ենք, իսկ մենք ընդհանրապես արդարանալու բան չունենք»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին, ԼՀԿ ղեկավարն ասաց, որ օրենքի վերաբերյալ ևս իշխանությունները ստում են, հանրությանը մոլորեցնում են, թե իբր ԼՀԿ-ն պայքարում է այդ օրենքի պատճառով:

«Այդ օրենքը բերվել է խորհրդարան, «Լուսավոր Հայաստան» խբակցությունը ողջունել է ու կողմ է քվերակել, և ասել ենք՝ մենք ունենք առաջարկներ, որ այս օրենքը լավը դառնա, չվնասի ներդրումային միջավայրին: Տվել ենք շուրջ 30 առաջարկ, ընդունվել են մի երկուսը, մերժվել են մնացածը: Դրանից հետո ասել ենք՝ քանի որ մեր տեսլականից դուրս եկաք, հիմա չենք կարող կողմ քվեարկել, և ձեռնպահ ենք քվեարկել: Հետևաբար, ուզում եմ ասել՝ սա շահարկում է, չեմ ուզում ուրիշ վատ բառեր օգտագործել»,- նշեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանը ճեպազրույցի ժամանակ կրկին անդրադարձավ իր և նախկինների կապին։

«Նախկինների համատեքստում իրանք են իրանց ամբողջ ուղնուծուծով, իրենց գործունեությամբ։ ԼՀԿ-ում շա՞տ մարդ կա նախկին իշխանություններից, թե՞ «Իմ քայլը» դաշինքում։ «Իմ քայլը» դաշինքի ձևավորած կառավարությունում կա շա՞տ մարդ նախկին իշխանություններից, թե՞ մեր մոտ։ Մեզ մոտ մեկ մարդ անգամ չկա», - ասաց նա՝ հավելելով, որ եթե այսօր իշխանության մեջ որևէ մեկն իրենց վատ պահի, այդ դեպքում ով է մեղավոր՝ նախկինը, թե՞ նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով, ինքը, Նիկոլ Փաշինյանը ութ տարի նախկինների հետ աշխատել են ԱԺ-ում, բայց նրանցից որևէ մեկը բռունցքներով իրենց վրա չի հարձակվել։ «Մեկ դեպք է եղել, երբ Գեղամյանը միջանցքում հարվածել է Փաշինյանին, բայց ո՞ւմ են ելույթ ունենալուց խփել, ո՞ւմ  են հետևից խփել դահլիճի ներսում։ Նախկին, նախկին, թող մի հատ իրենց վարքին նայեն»,- ընդգծեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ իշխանականների մեջ կան մարդիկ, որոնք այնքան ճաանպարհ են անցել նախկինների հետ, որ իր կյանքը չի հերիքի՝ այդքան ճանապարհ անցնելու։

Հարցին, թե ե՞րբ ԼՀԿ-ն կվերադառնա նիստերի դահլիճ, քանի որ ուրբաթ օրը միջադեպից հետո լքել էր նիստերի դահլիճն ու այս շաբաթ չէր մասնակցել նիստերի աշխատանքներին, Մարուքյանն ասաց․

«Մենք բոյկոտ չենք անում, դա կարող է ինչ-որ մարդկանց երազանքն է, որ բոյկոտենք, մենք սպասում ենք՝ լինեն երաշխիքներ, որ խորհրդարանում բռնություն չի լինի, եթե չլինի էլ երաշխիքներ, գալու ենք էլի ամեն դեպքում, բայց մեր ակնկալիքը դա է։ Բայց թե կոնկրետ երբ կվերադառնանք, չենք քննարկել։ Դա հիմա երկրորդական հարց է»։ 

Նրա խոսքով, խնդիրն այդ ծեծկռտուքը չէ, այլ այն, որ մարդիկ երկիր են խայտառակել։ «Խնդիրն այն է, որ բոլորը տեսել են, եվրոպաներից ինձ հարցնում են, ես բացատրություններ եմ տալիս։ Խնդիրը նաև այն է, որ մարդիկ պետականության նկատմամբ մտահոգություն, լրջություն չունեն»,- հավելեց նա։

  • Կիսվել: