Լրագրող Սելեզնյովին Հայաստան մուտք գործելու արգելքի որոշման պատճառների մասին տեղեկություն ենք պահանջել. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Մենք ուշադրություն ենք դարձրել Դմիտրի Սելեզնյովին Հայաստան մուտք գործելու արգելքի վրա։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումն այն մասին, որ վերջերս Հայաստանի իշխանություններն առանց բացատրության մերժել են ռուսաստանցի ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին մուտք գործել երկիր։
Նշենք, որ նա նախկինում լուսաբանում էր Ղարաբաղյան հակամարտությունը։
Մեկնաբանելով դիտարկումը՝ Զախարովան ասել է. «Դե, դա ևս այն շարքից է, ինչպես, հիշում եք, Հայաստանի ներկայիս իշխանությունները իշխանության եկան խոսքի ազատության, բազմակարծության, այսպես ասած՝ թափանցիկության, սեփական կարծիքի բացահայտ արտահայտման համար պայքարի ալիքի վրա։ Ահա, տեսեք, թե ինչի հանգեցրեց դա»:
Զախարովայի խոսքով՝ «մտահոգիչ է այն փաստը, որ չկա որևէ տեղեկություն այն մասին, թե երբ են լրանում սահմանափակումների ժամկետները, արդյոք լրագրողը մեղադրվում է հանրապետությունում որևէ հանցագործության մեջ, և ինչպես կարող է նա ակնկալել այդ արգելքի վերացումը»։
«Հայտնի է, որ Դմիտրի Սելեզնյովը 2020 թվականին լուսաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Դա իսկապես լավ հայտնի է։ Իսկ թե ինչ սխալ է նա արել, միանգամայն անհասկանալի է։ Մենք մեր դեսպանատան միջոցով տեղեկություն ենք պահանջել այս որոշման պատճառների մասին, և հուսով ենք, որ դա կապված չէ Սելեզնևի լրագրողական գործունեության հետ, քանի որ դա կհակասի օրենքի գերակայությամբ առաջնորդվող հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության, պատկերին, որը խթանում են Հայաստանի իշխանությունները։ Մամուլի ազատությունը, ինչպես գիտենք, ցանկացած ժողովրդավարության անքակտելի սկզբունք է»,-իր խոսքն ամփոփել է ՌԴ Արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


