ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂՀ-ից ՀՀ ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ. Ռուբինյան

ԼՂՀ-ից ՀՀ ԶՈւ-ի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ալիևի խոսքերի հետ. Ռուբինյան

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի` Արցախից հայկական զորքի դուրսբերման մասին հայտարարությունը կապված չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի հետ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
 
Ինչպես արդեն հայտնել է կայքը, հուլիսի 19-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն Արցախից դուրս է բերում 44-օրյա պատերազմի ժամանակ այնտեղ տեղափոխած իր զինված ուժերը։
 

«Նույն հարցազրույցում պարոն Գրիգորյանը նշում է, որ սեպտեմբերի դրությամբ Ղարաբաղում հայաստանցի զորակոչիկներ չեն լինի։ Եվ դա ինքնին վկայում է այն մասին, որ այս գործընթացն ավելի վաղ է մեկնարկել»,- ասաց Ռուբինյանը։

 
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա Անվտանգության խորհրդի քարտուղարը նման հայտարարություններ անում, ըստ Ռուբինյանի, արտաքին քաղաքականության մեջ (հայտարարություններ անելու համար) նպատակահարմարության գործոն կա (ժամանակի, ձևի և բովանդակության առումով)։
 
«Սա՛ է ձեր հարցի պատասխանը»,- ասաց Ռուբինյանը։
 
Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ ներկայացուցիչները խոստացել էին «մինչև հունիս ապահովել Ղարաբաղից հայկական զինվորականների դուրսբերումը», սակայն մինչ օրս պայմանավորվածությունը չի կատարվել։ Ըստ նրա` եթե «Հայաստանը չի ցանկանում իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի տարածքից, ապա թող բացահայտ ասի այս մասին», և «Բաքուն կիմանա` ինչ անել այդ դեպքում»:

  • Կիսվել: