չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«ԼՂ–ն վերջին պահին լուծումներ կգտի, եթե չգտնի, լավ չի լինի». Անդրանիկ Քոչարյան

«ԼՂ–ն վերջին պահին լուծումներ կգտի, եթե չգտնի, լավ չի լինի». Անդրանիկ Քոչարյան

 Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջին պահին կգտնի այն լուծումները, որոնք իրեն հեռու կպահեն լուրջ ցնցումներից, իսկ եթե չգտնի, լավ չի լինի։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի և 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
 
«Եթե չգտնի, դա լավ չի լինի և՛ Հայաստանի, և՛ տարածաշրջանի, և՛ աշխարհի համար»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` Արցախն այն տարածքն է, որը Հայաստանի անվտանգային միջավայրի ամրությունն է, որովհետև հայ մարդն այնտեղ է ապրում։
«Մենք պետք է միասնաբար շրջափակումը հաղթահարելու ձևերը գտնենք»,–ասաց Քոչարյանը։
Նա ընդգծեց, որ ինքն Արցախում ավելի ահավոր իրողություններ էլ է տեսել, քան հիմա է կատարվում։
 
«Ես տեսել եմ գաղթ էլ, փախուստ էլ, մի օրվա, 0 օրվա հաց էլ , բայց հաղթահարել ենք, դուրս ենք եկել։ Գլխավորը, որ մենք այդ վախերը հաղթահարենք և այդ ծանրությունը կիսենք իրար հետ։ Իհարկե առաջին հերթին Արցախի բնակչության է իր վրա վերցրել այդ բեռը, բայց մարդիկ պետք է հասկանան, որ եթե մի օրվա հացն էլ կիսում են իրար մեջ, դիմակայում են բոլոր հնարավոր խնդիրներին, որը հակառակորդն անընդհատ փորձում է ստեղծել»,–ասաց Քոչարյանը։
 
Նա հույս հայտնեց, որ այս իրավիճակը կհաղթահարվի և հաղթանակ կլինի, երբ Ադրբեջանը տեսնի, որ չի կարողանում հայերին ծնկի բերել, նույնիսկ այս շրջափակումներով։ Քոչարյանը հիշեցրեց, որ հայ ազգն այդպիսի հաղթանակ տեսել է 25 տարի առաջ։
Նա ընդգծեց` կարևոր չէ, որ հիմա Արցախի կարգավիճակի մասին են թմբկահարում։
 
«Արցախի տարածքում բնակվող մեր հայրենակիցները ամենաանկախ ժողովուրդն են, ունեն նախագահ, պառլամենտ, ունեն իրենց օրենքները։ Խնդիրն այն է, որ աշխարհն ընկալի դա։ Այդպիսի օրինակ կա աշխարհում. Կոսովոն հասավ դրան»,– ասաց նա։

  • Կիսվել: