ԼՂ հարցը մի քանի երկրներ օգտագործել են որպես պարան՝ Հայաստանի զարգացումը կանխելու համար. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հարցը մի քանի երկրներ օգտագործել են որպես պարան՝ Հայաստանի զարգացումը կանխելու համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասացվարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք (նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը-խմբ.) այս պարանի թելերն եք։ Դուք, այսպես կոչված երեք նախագահների հետ միասին, այս պարանի թելերն եք։
Նրանք (նախկին նախագահները-խմբ.) այնտեղ չէին պետությունը ղեկավարելու, այլ պետության գոյությունը կանխելու համար, իսկ նրանց օրոք պետություն չկար։ Նրանք պարաններ էին՝ պետության կայացումը կանխելու համար»,-ասաց վարչապետը և ևս մեկ անգամ Հայաստանի նախկին նախագահներին ուղիղ եթերում բանավեճեր անցկացնելու մարտահրավեր նետեց՝ առաջարկելով խորհրդարանական լսումներ կազմակերպել, որոնց ժամանակ ընդդիմադիրների բոլոր հարցերին կպատասխանի, եթե իր ասածները վիճարկում են նախագահները, նրանց առաջարկում է գալ, ուղիղ եթերում խոսել այդ մասին:
«Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթեր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից թող ներկա մարդ չլինի: Դուք հարցաքննեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը»,- ասաց նա՝ խոսքն ուղղելով ընդդիմադիրներին:


