Կյանքում չէի մտածի, որ որևէ սրբազանի թիկնապահություն եմ անելու. Գեղամ Մանուկյանը՝ հոգևորականների ձերբակալությունների մասին
«Այն, ինչը, որ այսօր կատարվում է, 1937- թ. մեր աչքի առաջ է, նույնը նաև Սամվել Կարապետյանի դատաքննությունը»,-Հակակառուպցիոն դատարանի դիմաց, որտեղ ընթանում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հայցով դատական պրոցեսը, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Անդրադառնալով դատական նիստը նախագահող դատավոր Դոլմազյանի գործողություններին՝ Մանուկյանն ասաց.«Այլևս մեր երկրում իրավական դատական համակարգը հետևյալն է, օրինակ, դատավոր Դանիելյան Արմենի անունը կա, նշանակում է կալանքը կա։ Չեմ ուզում ասեմ, բայց Դոլմազյան անունը հնչում է, բոլորն արդեն գիտեն վճիռը»։
«Բոլոր տարիներին են եղել անարդարարություններ, բայց այս տեսակ ցինիկություն հաստատ չի ներվելու, էդ պատի տակերով էլ իրենք չեն քայլելու...Դուք չեք ներելու, իմ երեխաները չեն ներելոու»,-ասաց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, թե չներելու ուղղությամբ ընդդիմությունը ինչ է անում, մասնավորապես առավոտյան անհայտ կորած հոգևորականների հարցում՝ Գեղամ Մանուկյանն ասաց.
«Եկեք հիշենք, թե ինչպես էր ԱԱԾ-ն փորձում Միքայել Սրբազանին Մայր Աթոռից դուրս հանել։ Էդ իրավիճակը վերհիշենք և հարցնենք, թե ընդդիմությունն ինչ էր անում։ Ես կյանքում չէի մտածի, որ որևէ սրբազանի թիկնապահություն եմ անելու, կամ ձեռնամարտի եմ բռնվելու Մայր Աթոռը պաշտպանելու համար։ Մեկ էլ գրքերում էի կարդացել է, որ 1903 թվականին Ցարական Ռուսաստանում վանքապատկան գույքերը բռնագրավելու համար հարձակվել են եկեղեցու վրա։ Փառք Աստծո, որ դաշնակցական եմ, մեր դաշնակցականներն են այն ժամանակ պաշտպանել եկեղեցին»։


