Կողմնորոշվե՛ք, թե ինչ եք ուզում․ մեկ ասում եք՝ ինչո՞ւ է կալանքի տակ մարդը, հիմա այլ բան եքասում. Գալյան
Յուրաքանչյուր հանցագործության դեպքում պետք է հասկանալ, թե ով է թերացել, և դա կանխարգելման հնարավոր ուղղություն է ապագայի համար։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Ցավոք սրտի, մենք չենք կարող ամբողջությամբ ապահովագրված լինել, որ մեր երկրում հանցագործ դրսևորումներ երբևէ չեն լինի»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ բազմաթիվ հանցագործներ այսօր ազատության մեջ են, արդարադատության նախարարն ասաց. «Եկեք կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, մենք ինչ եք ուզում։ 1000 ու մի դեպքով գալիս եք, ասում եք ինչու են մարդիկ կալանքի տակ, ինչու խափանման այլ միջոց չի կիրառվում, որը կարող է կիրառվել, հիմա եկել ու հարցնում եք՝ ինչու են նրանք վարչական հսկողության տակ և ոչ թե, օրինակ, անազատության մեջ»։
Պնդմանը, որ «մեր ձեւով» ասողը կամ սրբազանները կալանքի տակ են, իսկ բազմաթիվ մարդասպանության մեջ մեղադրվողներ՝ ազատության մեջ, Գալյանը հակադարձեց. «Բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը տարբեր ՔԿՀ–ներում։ Ոչ, բազմաթիվ սպանության մեջ մեղադրվողներ դրսում չեն։ Կարող է լինել իրավիճակ, որ կապ չունի հանցանքի ծանրությունը, նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի այլ խափանման միջոց»։


