Կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը. ԿԸՀ
Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում որոշում։ Այս մասին հայտարարություն է տարածխել ԿԸՀ–ն։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
«Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։
Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման (ինչպես նաև այն սուբյեկտների, ովքեր ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա»։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ–ն որոշում է կայացրել անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասերի (35/65 և 10/51) արդյունքները։ Այդ ընտրատարածքներում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվել է որպես անճշտությունների գումարային չափ:
Նշենք, որ Սյունիքի 35/65-ը այն տեղամասն է, որտեղ ժամը 20–ից հետո տևական ժամանակ քվեարկություն էր ընթանում, քվեարկում էին զինծառայողները։ Ընտրության հաջորդ օրը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դրա մեջ խնդիր չէր տեսել՝ նշելով, որ ժամը 20–ից առաջ զինվորները մտել են տեղամաս և իրավունք ունեին քվեարկել ու դուրս գալ։
Հատկանշական է, որ այդ որոշման արդյունքում ԲՀԿ–ն կորցրել է 213 ձայն։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ԲՀԿ–ն չստանա ձայների 4 տոկոսը և չհայտնվի խորհրդարանում։



