ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կներեք, բայց դուք ինձ կոռեկտ չեք ցիտում. Տիգրան Հակոբյան

Կներեք, բայց դուք ինձ կոռեկտ չեք ցիտում. Տիգրան Հակոբյան

«Կներեք, բայց դուք ինձ կոռեկտ չեք ցիտում, և այդ աղմուկը բարձրացավ ինձ ոչ կոռեկտ ցիտելու համար, ինչը դարձավ մանիպուլյացիայի առիթ»,- այս մասին այսօր  Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության ևռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի երկրում ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակման առնչությամբ Հակոբյանի հայտարարությունների կապակցությամբ հարցին, թե դրանք սպառնում են մեր ազգային անվտանգությանը:

«Ձեր հայտարարությունը պաշտոնական Երևանի հայտարարությո՞ւնն էր»,- հարցրեց Տիգրան Ուրիխանյանը։

ՀՌԱՀ նախագահն ասաց, որ ինքը երբեք չի օգտագործել «ազգային անվտանգություն» եզրույթը:

«Ես երբեք և ոչ մի անգամ չեմ օգտագործել «ազգային անվտանգություն» հասկացությունը, այլ խոսել եմ միայն տեղեկատվական և  լեզվական անվտանգության մասին։ Ինչքանով են օտար հեռարձակողներն իրեն օրակարգով ազդում ՀՀ տեղեկատվական և լեզվական անվտանգության վրա, ինքներդ կարող եք կարծիք կազմել։ Եթե մարզային կաբելային ցանցերում 400 ծրագրերից մոտ 320-ը հեռարձակվում են օտար լեզուներով, արդյո՞ք դա ազդում է մեր լեզվական անվտանգության վրա։ Ես խոսել եմ այն եզրույթների մասին, որոնց համար պատասխանատվություն եմ կրում։ Ես խոսել եմ նաև մեր ռուս գործընկերների հետ, բնական է, որոշ տարաձայնություններ կան, բայց կամաց-կամաց մենք ընդհանուր գոյատևման մոդել ենք ձևավորում և որևէ խնդիր չունենք։ Այդ «սկանդալից» հետո «Ռոսկոմնադզորը» համաձայնվել է մեզ հետ հուշագիր ստորագրել, որը նրանց առաջարկել էինք, և որը մեծ թվով խնդիրներ է լուծում»,- նշեց նա։

Տիգրան Հակոբյանը նաև հավելեց, որ ինքը՝ որպես անկախ սահմանադրական մարմնի ղեկավար, ներկայացնում է միայն հանձնաժողովի տեսակետները, որոնք որևէ կապ չունեն օրենսդիր և գործադիր իշխանություննրի կարծիքների հետ. «Եթե լիազորված չեմ ներկայացնելու պաշտոնական տեսակետը»:

Արձագանքելով՝ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը չի ցիտել ՀՌԱՀ նախագահին, այլ ասել է՝ եղել է այսպիսի արտահայտություն, և լավ է, որ իրեն շտկեցին. «Բայց հիմա ցիտում եմ այն, ինչ նոր ասացիք, այսինքն՝ ռուսական ալիքները ՀՀ-ում տեղեկատվական սպառնալի՞ք են»։

«Ոչ, ես այդպիսի բան չեմ ասել»,- ընդգծեց Տիգրան Հակոբյանը։

  • Կիսվել: