ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելն օրինաչափություն է դառնում. Զախարովան՝ Փաշինյանի մասին

ԵԱՏՄ գագաթնաժողովին չմասնակցելն օրինաչափություն է դառնում. Զախարովան՝ Փաշինյանի մասին

Ռուսական կողմը Հայաստանից պաշտոնական ծանուցում է ստացել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանա մասնակցել ԵԱՏՄ նիստին։ Սակայն խնդիրը ոչ թե նրա բացակայությունն է, այլ այն, որ սա արդեն օրինաչափություն է դառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Մոսկվան ընկալում Փաշինյանի՝ գագաթնաժողովին մասնակցելուց հրաժարվելը, և հնարավո՞ր է արդյոք պահպանել շփումները Հայաստանի հետագա «եվրոպականացման» դեպքում։
 
Ինչպես նշել է ռուսաստանցի դիվանագետը, իրավիճակներ, երբ անդամ պետությունների (ոչ միայն Հայաստանի, այլև այլ երկրների) ներկայացուցիչները այս կամ այն ​​պատճառով չեն մասնակցել ԵԱՏՄ մարմինների աշխատանքներին, նախկինում ևս եղել են։
 
«Դա ցանկալի չէ, սա այն չէ, ինչին ձգտում են միությունում, բայց նման բաներ լինում են», – նշել է Զախարովան։
Սակայն, նրա խոսքով, խնդիրն այն է, որ Փաշինյանի նմանատիպ դիրքորոշումը ԵԱՏՄ-ի վերաբերյալ, արդեն օրինաչափություն է դառնում։
Զախարովան հայտարարել է, որ Փաշինյանի բացակայությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին ողբերգություն չէ բուն միության համար։
 
«Բուն միության համար որևէ ողբերգություն չկա։ Խնդիրը Հայաստանի մեջ է», – նշել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան նախընտրում է գնահատել իրավիճակը՝ հիմնվելով այն կոնկրետ գործնական քայլերի վրա, որոնք ձեռնարկում է ՀՀ կառավարությունը՝ իր եվրոպամետ ուղին իրականացնելու համար, և որոնք ազդում են Եվրասիական տնտեսական միության վրա։
 
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ հնարավոր չէ համատեղել ԵԱՏՄ-ին անդամակցությունը մեկ այլ ինտեգրացիոն բլոկի վերազգային կարգավորման մեխանիզմների ներդրման հետ», – հիշեցրել է դիվանագետը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը «սպառիչ ձևով և բոլոր մակարդակներում»։
Դիվանագետի խոսքով՝ պատճառն այն է, որ ԵՄ կառույցները «ապակառուցողական քաղաքականություն» են վարում և ապօրինի պատժամիջոցներ են կիրառում ԵԱՏՄ անդամ երկրների դեմ։
 
«Սա լիովին հակասում է ոչ թե այն պատճառով, որ մենք դեմ ենք փոխգործակցության տարբեր ձևերի համատեղմանը։ Հակառակը. մենք միշտ ասել ենք, որ համագործակցությունը հնարավոր է ներդաշնակ ձևով համատեղել տարբեր ուղղություններով։ Սակայն դա հնարավոր էր մինչև Արևմտյան Եվրոպայից ուղիղ հարվածների գալը, և քանի դեռ դա հիբրիդային պատերազմի չէր վերածվել, այդ թվում՝ տնտեսական ոլորտում», – պարզաբանել է Զախարովան։
 
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ չի մասնակցի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: