հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Խնդիր եմ դրել մինչև 2031թ. ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը. վարչապետ

Խնդիր եմ դրել մինչև 2031թ. ստորագրել ու վավերացնել խաղաղության համաձայնագիրը. վարչապետ

Իմ առաջիկա ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը: Սա չի նշանակում, որ մենք որևէ այլ օրակարգից հրաժարվում ենք, բայց նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը, հասնել այդ խնդրի լուծմանը: Այդ մասին Կառաավարության՝ հոկտեմբերի 15-ի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բնականաբար, դա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է, բայց ես՝ որպես ՀՀ վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք:

Այնպես չէ, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ տեսնում եմ՝ կա այդ հնարավորությունը, հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով: Առաջիկայում մենք պետք է կենտրոնացած լինենք այս օրակարգի վրա, կրկնում եմ՝ այդ թվում հեղափոխության ժամանակ գեներացված օրակարգերը, մեր ռազմավարական ծրագրերն ամենևին երկրորդ պլան չմղելով:

Պարզ է՝ TRIPP նախագիծ, կոմունիկացիաների բացում, տնտեսական զարգացում, բայց սա նույնպես կարևոր շեշտադրում է, որ, այնուամենայնիվ, այդ օրակարգի ամենավերևում, ինձ համար ամենավերևում գտնվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձանագրի ստորագրումը և վավերացումը, որով, իմ կարծիքով, Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի շատ էական շրջափուլ կամփոփվի, և ընդհակառակը՝ նոր շրջափուլ կբացվի՝ նոր օրակարգերով ու նոր տրամաբանությամբ»,- ասաց նա:

  • Կիսվել: