շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Խաղաղությունը պետք է կառուցվի արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովում

Խաղաղությունը պետք է կառուցվի արդարության հիմքի վրա. Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Միջխորհրդարանական միության վեհաժողովում

Շվեյցարիայում տեղի է ունեցել Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին մասնակցել և ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը:

«Տիկի՛ն նախագահ,

Հարգելի՛ գործընկերներ,

Մեծ պատիվ է այսօր հանդես գալ մի թեմայով, որն առանձնահատուկ կարևորություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ մեր ժողովրդի համար՝ հումանիտար նորմերի պահպանման և հումանիտար գործողությունների աջակցության մասին ճգնաժամային պայմաններում:

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները՝ պատերազմները, բռնի տեղահանությունները և բնական աղետները, փորձության են ենթարկում ոչ միայն միջազգային իրավունքը, այլև մեր համընդհանուր բարոյական արժեքները:

Այս իրողությունների պայմաններում առաջ է գալիս հիմնարար հարց. ունե՞նք մենք՝ որպես միջազգային հանրություն, բավարար կամք մարդկային արժանապատվությունը դնել քաղաքական շահերից վեր:

Հայաստանի համար սա տեսական քննարկում չէ: Դա մեր ապրած իրականությունն է: Վերջին տարիներին մեր տարածաշրջանը բազմիցս եղել է հակամարտությունների և հումանիտար ճգնաժամերի կիզակետում: Հազարավոր ընտանիքներ են տուժել, հազարավոր կյանքեր՝ կորսվել, իսկ հարևանների միջև վստահությունը` խաթարվել:

Այսօր մենք կանգնած ենք պատմական պահի առաջ:

2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են նախնական համաձայնագիր, որը կարող է դառնալ մեր տարածաշրջանի խաղաղության պատմական շրջադարձային փուլը:

Սակայն խաղաղությունը չի սահմանափակվում փաստաթղթերով:

Խաղաղությունը պետք է կառուցվի հումանիտար արժեքների և արդարության հիմքի վրա:

Միջազգային հումանիտար իրավունքի լիարժեք կիրարկումը նշանակում է պաշտպանել տեղահանված անձանց իրավունքներն ու անվտանգությունը, պահպանել մշակութային ժառանգությունը և ապահովել հումանիտար օգնության մատչելիությունը` առանց խտրականության:

Այս սկզբունքները մեզ կապում են միմյանց` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամների:

Այո՛, ներկայացվող խաղաղության համաձայնագիրը պարզապես երկկողմ փաստաթուղթ չէ:

Այն փորձաքար է` ցույց տալու, թե արդյոք երկու երկրներ, որոնք երկար տարիներ եղել են հակամարտության հակադիր կողմերում, կարող են հիմնվել հումանիտար նորմերի վրա և կառուցել կայուն, արժանապատիվ խաղաղություն:

Եթե դա հաջողվի, ապա այն կդառնա հզոր ուղերձ ամբողջ աշխարհին, որ անգամ ամենադժվարին իրավիճակներում մարդասիրությունը կարող է լինել խաղաղության ճշմարիտ ուղեցույցը:

Շնորհակալություն»,-ասված է ելույթում:

  • Կիսվել: