երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, պետք է խաղաղության նկատմամբ խնամք տանենք. Փաշինյան

Խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, պետք է խաղաղության նկատմամբ խնամք տանենք. Փաշինյան

Մենք պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված փաստ է, և մենք պետք է նաև հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Նույնիսկ անկախության նախորդող բավական կարճ ժամանակաշրջանում, ըստ էության, մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում։ Ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք արժեք ընկալում և մտածողության ձևեր, դա պարզ խնդիր չէ։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար, և սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով։ Մենք պետք է հաստատված  խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։

Իհարկե այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքը Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով։ Նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում»,–ասաց նա։

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջերս Ազգային ժողովի նախագահը հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումն է տեղի ունեցել. «Նաև ամենօրյա ըստ էության աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով։ Նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները, մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն էր, հիմա տարբերությունը այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասը՞,ժ ընդգծեց վարչապետը։

  • Կիսվել: