երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Խաղաղության երաշխիքը կախված է երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան

Խաղաղության երաշխիքը կախված է երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան

Ես վաղուց դադարել եմ արձագանքել Ադրբեջանի գործողություններին, որովհետեւ պատասխանատուն այսօր ուրիշ մարդ է: Այս մասին այսօր Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Սրանից 2-3 տարի առաջ, երբ արձագանքում էինք, այնտեղ շատ կոնկրետություն կար կոնկրետ իմ նկատմամբ: Իսկ հիմա ի՞նչ արձագանքենք, իմաստը ո՞րն է: Մեր ասածն Ադրբեջանի համար որեւէ նշանակություն ունի՞: Իսկ եթե որեւէ մեկը կարծում էր, որ այս ապօրինի գործընթացից հետո ադրբեջանցիներն ասելու են՝ ապրեն հայերը եւ ամեն ինչը նորմալ է, այդ մարդիկ միամիտ են»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, խաղաղությունը հարաբերական հասկացությունը է. «Եթե այսօր Ադրբեջանը հայտարարի, որ ամեն ինչ լավ է ընթանում, արդյոք դա երաշխիք է, որ վաղը չէ մյուս օրը կարող է կարծիքը չփոխել։ Խաղաղության երաշխիքը մեծ մասամբ կախված է երկրի ունակությունից՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը կրկնեց իր նախկինում ասած միտքը. «Ես վաղուց ասել եմ, որ կապիտուլացված ղեկավարը չի կարող բանակցություններ վարել: Ես չգիտեմ՝ որտեղով են մտածում, որ այսպես են վարվում»:

  • Կիսվել: