Կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց, այս հակապետական, դավաճան վարքագիծը փոխելու համար․ Մխիթար Հայրապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը այսօր խորհրդարանում վրդովված էր, և նրա վրդովմունքի պատճառը լրատվամիջոցներից մեկի հրապարակած տեղեկությունը։
«Քիչ առաջ ինձ մի լրատվականից նյութ ուղարկեցին, որը վերնագրված էր հետևյալ կերպ՝ «ԱԺ-ում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստալիքների դեմ օրենքի նախագիծը»: Ես անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս այդ լրատվամիջոցի շեֆերին, դրանց հետևում կանգնած անձանց, այս հակապետական, խայտառակ, դավաճան վարքագիծը փոխելու համար, կամ շատ արագ այդ վերնագիրը փոփոխում եք, կամ նյութը հեռացնում եք»,- ԱԺ-ում քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավորը:
Ավելին, Հայրապետյանը տեղեկացրեց, որ երեկ անձամբ խոսել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ և ունեն փոխհամաձայնություն։
«Կարող եմ ասել ռուսական կողմի, ռուս գործընկերների կողմից հայտն արդեն ներկայացված է: Նախարարը, հուսամ վերջում արդեն իր ամփոփիչ ելույթում կանդրադառնա սրան: Այս գործելաոճին վերջ տվեք, դադարեցրեք, այսօր մենք խոսում ենք բացառապես մեդիադաշտում, բացառաապես նոր կանոնակարգումների մասին, որոնք, այո, միտված են մեր պետության ազգային անվտանգությանը, լեզվական անվտանգության բարձրացմանը»,- հայտարարեց նա:


