Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը. ՀՀ-ում Իրանի դեսպանի հրաժեշտի հայերեն խոսքերը
Անցած տարիներին, երբ տարածաշրջանն ու հարաբերությունները համակված էին բարձր զգայունությամբ, մեզ հաջողվեց ընդհանուր և բարձր ըմբռնումով բարձրացնել մեր միջեւ քաղաքական հարաբերությունների և փոխգործակցության մակարդակը։ Այս մասին այսօր իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սուբհանին։
Նա, մասնավորապես, նշեց. «Այն օրերին, երբ մեր երկու երկրները միմյանց կարիքն ունեին, մենք միմյանց աջակցեցինք և իրական իմաստ հաղորդեցինք բարիդրացիական քաղաքականությանը։
Իրանը միշտ իր վճռականությունն է հայտնել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, բարձրաձայնել սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանը շարունակելու է կանգնել այս դիրքորոշման վրա։
Երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը շարունակել է աճել։ Ըստ պաշտոնական վիճակագրության, առևտուրը այս տարի կհատի 900 մլն դոլարի շեմը։ Մեզ հաջողվեց երկարաձգել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ռազմավարական համաձայնագիրը մինչեւ 2030 թվականը, և ընդլայնել մեր ռազմավարական կապը էներգետիկայի ոլորտում։
Մեզ հաջողվեց Հյուսիս–Հարավի շրջանակում մեկնարկել Ագարակ–Քաջարան ճանապարհի նախագծի շինարարական աշխատանքները, որտեղ զգալի առաջընթաց է արձանագրվել և ես հայտարարում եմ, որ մենք այս նախագիծը կավարտենք նախատեսված ժամկետից շուտ»:
Դեսպանը նշեց, որ իրենց հաջողվել է մեծ թափ հաղորդել երրորդ էլեկտրոհաղորդման գծի աշխատանքներին, և այս նախագիծն այժմ գտնվում է իր եզրափակիչ փուլում՝ 92 տոկոս առաջընթացով:
«Մեզ հաջողվեց խթանել հայաստանում պարսկերեն լեզվի տարածումը որը խաղաղության քաղաքավարության բարության և բարեկամության լեզուն է և պարսկերեն լեզվի ու այն ուսումնասիրողների միջոցով կամուրջ կառուցել երկու երկրների ժողովուրդների մշակութային մերձեցման և բարեկամության համար։ Մեզ հաջողվեց ամրապնդել Հայաստանում Իրանագիտությունը, որը տոգորված է Իրանի նկատմամբ սիրով։
Այսօր կարելի է վստահորեն ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը գործընկերներ, հարևաններ և իսկական բարեկամներ են, և այս բարեկամության խորհրդանիշը հստակորեն արտացոլված է Հայաստանի Հանրապետության նախագահի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից ինչ շնորհված բարեկամության և պատվո շքանշաններում։
Մեր հարաբերությունների առաջընթացի գնացքը միշտ շարժվում է, և ոչ մի ուժ չի կարող այն կանգնեցնել կամ իր ուղուց շեղել»,–նշեց դեսպան՝ իր խոսքն ավարտելով հայերեն բառերով՝ «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Իրանը»:






