կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կայացել են քննարկումներ ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի կատարման ընթացքի վերաբերյալ

Կայացել են քննարկումներ ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի կատարման ընթացքի վերաբերյալ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան գործընկերության բաժնի ղեկավարի տեղակալ Յերուն Վիլեմսի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում կայացել են քննարկումներ ՀՀ-ԵՄ ծրագրային պորտֆելի կատարման ընթացքի վերաբերյալ: Քննարկումներին ներկա են եղել նաև շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների տեղակալներ, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, երկուստեք ընդգծվել են ընթացիկ ծրագրային պորտֆելի իրականացման բարձր ցուցանիշները, անդրադարձ է կատարվել մի քանի ծրագրերի իրականացման ընթացքում առաջացած բարդություններին:

«Կողմերը մտքեր են փոխանակել գործող 2021-2027թթ. Բազմամյա ինդիկատիվ ծրագրի առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ և պայմանավորվել են շարունակել համագործակցությունը երկուստեք մատնանշված առաջնահերթությունների շրջանակում:

Անդրադարձ է կատարվել TWINNING և TAIEX գործիքների կիրառման հնարավորություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ԵՄ գործընկերների հետ քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում ընթացիկ և պլանավորված ծրագրերը: Այս համատեքստում կարևորվել են տարածաշրջանային նշանակության նախաձեռնությունները՝ Հարավային Կովկասից Եվրոպական միություն էներգիայի արտահանման նպատակով:

  • Կիսվել: