երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կայացավ «Կայունություն» ձախ կենտրոնամետ կուսակցության հիմնադիր համագումարը (լուսանկարներ)

Կայացավ «Կայունություն» ձախ կենտրոնամետ կուսակցության հիմնադիր համագումարը (լուսանկարներ)

Կայունություն, աշխատանք և առաջընթաց. գաղափարական այս հենքի վրա է պատրաստվում քաղաքական գործունեություն իրականացնել  «Կայունություն» կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 4–ին, գրում է news.am-ը:

Հիմնադիր համագումարի ընթացքում քվեարկությամբ ընդունվեց կուսակցության ծրագիրը, կանոնադրությունը, կազմավորվեցին վերահսկողություն իրականացնող մարմինները։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Ֆիրդուս Զաքարյանը։

Նորաստեղծ կուսակցության անդամները քաղաքական տեսլականում կարևորում են մարդկանց սոցիալական խնդիրների համար առաջանցիկ լուծումները, պետական և մասնավոր հնարավորությունների համադրումը, ինչպես նաև պետության հնարավորությունների և պատասխանատվության շրջանակի ընդլայնումը:

Ֆիրդուս Զաքարյանի խոսքով՝ իրենց քաղաքական կազմակերպությունն հետապնդում է սոցիալական պետության ձևավորման նպատակ և դրան հասնելու համար հաշվի են առնվելու խորհրդային սոցիալիզմի դասերն ու աշխարհի լավագույն փորձը:

Համագումարին որպես հյուր մասնակցում էին գիտության և հասարակական ոլորտի ակտիվ դերակատարներ, ովքեր իրենց ելույթներում ընդգծեցին նորաստեղծ կուսակցության գործունեության առաջնահերթությունների կարևորությունը։

«Աղքատներն ու հարուստները չունեն հայրենիք. աղքատները նեղացած են լինում, իսկ հարուստներն այնքան փող են ունենում, որ իրենց համար միշտ լավ է. մեր ապագան միջին խավն է …», - ասաց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Հարցին, թե առաջիկա քաղաքական զարգացումներում ինչ դերակատարում կարող է ունենալ կուսակցությունը, Ֆիրդուս Զաքարյանն ասաց, որ որպես ձախ կենտրոնամետ ուժ իրենք քաղաքական դաշտում գործելու են առանձին և ունեն ավելի հեռահար երկարաժամկետ նպատակներ:

 

  • Կիսվել: