կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի․ Գոռ Աբրահամյան

Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի․ Գոռ Աբրահամյան

Հարգելով անմեղության կանխավարկածը՝ մի քանի նկատառում այսօր ՀՀ գլխավոր դատախազության կողմից հրապարակված՝ դատախազի կողմից կաշառք ստանալու դեպքի բացահայտման մասին տեղեկատվության շուրջ սկսված անառողջ և անհիմն շահարկումների վերաբերյալ, գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Առանձին լրատվամիջոցներ ակնհատորեն և համառորեն փորձում են տեղի ունեցածը կապել Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի հետ՝ փորձելով տալ քաղաքական կամ որևէ այլ երանգավորում:

Ավելին, լրատվական հոսքերը փորձում են տանել այն ուղղությամբ, թե Վեհափառի շուրջ ինչ-որ գործընթացներ են «հյուսվում»՝ նաև նրա հարազատների նկատմամբ քրեական վարույթներ սկսելու միջոցով՝ այդ կերպ փորձ արանելով նրան թիրախավորելու տպավորություն ստեղծել:

Նման պնդումները, ակնարկները, ենթադրությունները որևէ հիմք չունեն և ուղղակի անմտության և մտագարության բացահայտ դրսևորում են՝ տեղի ունեցող հակակոռուպցիոն պայքարի գործընթացը մտացածին ինտրիգներով էժանացնելու և շղարշելու համար:

Կաթողիկոսին կամ որևէ այլ հայտնի կամ անհայտ մեկի հետ անձի բարեկամական կապ ունենալ-չունենալը որևէ դեր չունի և չի կարող ունենալ: Օրենքի առջև հավասար են բոլորը, հավասար են նաև օրենքի առջև պատասխանատվության հարցում, և որևէ բացառություն լինել չի կարող ու չի լինելու:

Եվ փոխանակ այս մոտեցման արմատավորման, դրա շարունակումը խրախուսելու, առանձին լրատվամիջոցներ, բնավորության համաձայն, ամեն ինչ տանում են էժան ինտիգների, անձնավորման տիրույթ:

Մինչդեռ ինչպես դատախազական համակարգի ներսում, այնպես էլ դրանից դուրս բոլորին քաջ հայտնի է նման երևույթների նկատմամբ (ու հատկապես դատախազների շրջանում), ՀՀ գլխավոր դատախազի բացարձակ անհանդուրժողական, խիստ և հետևողական վերաբերմունքը:

Եվ ցանկացած նմանատիպ դրսևորում արժանանալու է ամենախիստ հակազդեցության:

Ուստի հորդորում եմ դադարեցնել սկսած անհիմն և անտեղի շահարկումները:

Երկրորդ՝ լրատվադաշտ են սպրդում ակնհայտ կեղծ «մանրամասներ» կոնկրետ այս դեպքի վերաբերյալ, որոնք իրականության հետ առնչություն չունենալով, փորձում են ինչ-որ տրամադրություններ գեներացնել:

Մասնվոորապես, նշվում է այն մասին, թե իբր քրեական գործը հարուցվել է դատախազի սենյակում գաղտնալսման արդյունքում՝ այդ կերպ դիտավորյալ տպավորություն ստեղծելով, թե թիրախավորված մոտեցում է ցուցաբերվել: Չկա նման բան: Ոչ միայն նման թիրախավորվածություն չի եղել, այլ նաև առհասարակ նման միջոցառում չի կատարվել:

Իրականությանը չի համապատասխանում նաև տեղեկությունը, թե իրավապահները պատրաստվում են այսօր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար:

Հուսով ենք՝ լրատվամիջոցներն այս տեղեկատվական խայծերը կուլ չեն տա»:

  • Կիսվել: