Կասկածներ ունեմ, թե դա ինչպես է եղել. Ալեն Սիմոնյանը՝ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթի հանգամանքների մասին
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդմանը՝ պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքներով։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե ովքե՞ր կարող էին ԱԺ փակ նիստից տեղեկությունների արտահոսք անել, Ալեն Սիմոնյանը պատասխանել է.
«Ես կասկածներ ունեմ, թե ոնց է եղել, չեմ ուզում կիսվել այդ կասկածերով, բայց ես կարծում եմ ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հանցագործություն արած մարդը պետք է մեծ ու շատ դաժան պատասխանատվություն կրի, որովհետև մեր երկրի դեմ շպիոնաժ անելն ամենավատ բաներից մեկն է, որ կարելի է անել»։
Լրագրողի դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ Հայաստանի իշխանությունները, Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդման միջոցով ուզում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ժեստ անել, թե ինչպես են վարվում Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Դոնբաս այցելած անձի հետ, Ալեն Սիմոնյանն ասել է.
«Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ մոլորակի վրա նման մարդ գոյություն ունի։ Անդրանիկ Թևանյանի մասին նույնիսկ նրա բակում չգիտեն»։


