Կարծում եմ, որ միջազգային գործընկերները կֆիքսեն` Ադրբեջաննը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբինյան
Ադրբեջանն, ըստ էության, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն`անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե գոյություն չունի Ղարաբաղի ժողովուրդ:
«Իլհամ Ալիևի պատասխանը մեկ անգամ ապացուցում է, որ ի տարբերություն հայկական կողմերի, Ադրբեջանը կառուցողական չէ»,-նշեց Ռուբինյանը:
Նա ընդգծեց. «ՀՀ վարչապետը հայտարարել է, որ հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ հանգուցալուծում և դրա համար անհրաժեշտ է, որ և Հայաստանի ժողովուրդը, և Արցախի ժողովուրդը, և Ադրբեջանի ժողովուրդը համաձայն լինեն այդ հանգուցալուծման շուրջ: Նա ակնկալում էր, որ մյուս կողմը նույնպես ընդունի այս փաստը: Ալիևի պատասխանը ցույց է տալիս, որ նա չի ընդունում այս բանաձևը, հետևաբար, չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում: Կարծում եմ, որ միջազգային գործընկերները կֆիքսեն դա և կանեն հետևություններ»: