շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Կարող ա՝ երկու ամիս հետո էլ ասի՝ «Երևանն Ադրբեջան ա, ու վերջ». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Կարող ա՝ երկու ամիս հետո էլ ասի՝ «Երևանն Ադրբեջան ա, ու վերջ». Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Սկզբում գործող վարչապետը հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ, իսկ արդյունքում այն հանձնեց Ադրբեջանին, և հիմա ճիշտ նույն կերպ՝ Ռուսաստանի դեմ նրա սադրանքների պատճառով հարվածի տակ է դրվել մեր ամբողջ երկրի անվտանգությունը, փակվում են արտահանման շուկաները, իսկ հայկական գյուղերը հայտնվում են սնանկացման եզրին։ Այս մասին այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Խոսելով այն մասին, թե որոնք են Ռուսաստանի կողմից հայկական արտադրողների, այդ թվում՝ «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրանքի ներմուծման արգելքի պատճառները՝ Ծառուկյանն ընդգծել է, որ Մոսկվան Երևանի առանցքային ռազմավարական դաշնակիցն է, որը միշտ ընդառաջ է գնացել հայ ժողովրդին։ Սակայն, ըստ նրա, Փաշինյանը միտումնավոր երկկողմ հարաբերություններում կուտակում է խնդիրների կրիտիկական զանգված՝ ցուցադրաբար Հայաստան հրավիրելով Ռուսաստանի հակառակորդներին, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ եթե նման անպատասխանատու քաղաքականության պատճառով դադարեն ՌԴ-ում աշխատող հայրենակիցներից եկող ամսական տրանսֆերտները, որոնք կազմում են մինչև 180 միլիոն դոլար, ինչպես նաև փակվի գինու, կոնյակի, ձկան և չրերի արտահանումը, հանրապետության տնտեսությունը պարզապես կփլուզվի։ Ծառուկյանն ավելացրել է, որ երկրի առաջնորդը պարտավոր է կարողանալ պայմանավորվել բանակցային սեղանի շուրջ, այլ ոչ թե թշնամիներ բազմացնել։

Զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը մանրամասն խոսել է ՌԴ Պետդումայի ղեկավարության և «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ իր անձնական և կուսակցական կապերի մասին՝ ընդգծելով, որ միշտ այդ կապերն օգտագործել է բացառապես Հայաստանի բարօրության համար։ Որպես օրինակ նա նշել է «Վերին Լարս» անցակետի արդիականացման հետ կապված հարցը, երբ ռուս գործընկերներին իր անմիջական դիմումի շնորհիվ նեղ հատվածի ընդլայնման համար հատկացվել է երեք միլիարդ ռուբլի, ինչն օրական 600 մեքենայից թողունակությունը հասցրել է 1 600 մեքենայի։

Ծառուկյանը հավելել է, որ ամուր կապեր ունի նար Եվրոպայում և Մերձավոր Արևելքում:

Անդրադառնալով իր կուսակից Անդրանիկ Թևանյանին՝ Ծառուկյան հերքել է Փաշինյանի այն խոսքերը, թե «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանին իբր «հարկադրել» են Ծառուկյանին՝ ընտրական ցուցակներում ընդգրկելու համար։ Կուսակցության ղեկավարը Թևանյանին անվանել է գրագետ, հայրենասեր, նվիրված գործիչ, որը Երևանի, Գյումրու և Էջմիածնի ընտրություններում, հավաքելով ավելի քան 15 տոկոս ձայն, ապացուցել է իր քաղաքական կենսունակությունը։ Ծառուկյանն ընդգծել է, որ Թևանյանն ինքն է իրեն առաջարկել միավորել թիմերը՝ երկիրը փրկելու միանձնյա կործանարար իշխանությունից, և այդ համագործակցությունը եղել է փոխադարձ ու անկեղծ որոշում։

  • Կիսվել: