չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ–ում արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը

Կառավարությունը հաստատեց ԵԱՏՄ–ում արժեթղթերի շրջանառության թույլտվության համաձայնագիրը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում հաստատեց «ԵԱՏՄ–ում կազմակերպված սակարկություններում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության անդրսահմանային թույլտվության մասին» համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թ. հունվարի 31-ին Ալմաթիում:

Նշվում է, որ համաձայնագիրը մշակվել է ԵՏՀ ֆինանսական դեպարտամենտի և անդամ պետությունների արժեթղթերի շուկաների կարգավորողների կողմից` որպես «Բրոքեր-դիլեր» պիլոտային նախագծի շարունակություն։

Համաձայնագրի նպատակն է ապահովել ԵԱՏՄ անդամ պետություններում ցուցակված արժեթղթերի տեղաբաշխումը և շրջանառությունը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, ինչի արդյունքում թողարկողների համար ներդրումային միջոցների ներգրավման նոր հնարավորություններ են ստեղծվում։

Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա ՀՀ ռեզիդենտ ներդրումային ծառայություններ մատուցող անձանց (բրոքերներին և դիլերներին) ձեռք բերել ԵԱՏՄ անդամ պետությունների բորսաներում ցուցակված և շրջանառվող «բարձր որակի» արժեթղթեր առանց իրենց «հարազատ» բորսան լքելու և առանց լրացուցիչ ծախսեր կատարելու։

  • Կիսվել: