չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կառավարումը լիակատար ձախողել եք Գյումրիում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին

Կառավարումը լիակատար ձախողել եք Գյումրիում. Ռուբինյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին

Մենք հենց նոր մերժեցինք ընդդիմության առաջարկը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկել Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության նախագիծը քննարկելու մասին, բայց մի հետաքրքիր «իրոնիա» կա այս ամեն ինչի մեջ: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին են ուզում խոսել երկու խմբակցություններ, որոնց աջակցությամբ ընդամենը 6 ամիս և արդեն 2 օր առաջ Գյումրիում քաղաքապետ ընտրվեց մի մարդ, որին պահանջվեց ընդամենը 6 ամիս և 1 օր՝ ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, որպեսզի նա «կաշառքը լափի և բռնվի»:

«Փայլուն կառավարչական ունակություններ ունեք դուք այս երկու խմբակցություններով: Ու եթե ձեզ թվում է, թե դուք կողքից ուղղակի աջակցում եք, այսպես կոչված, քաղբանտարկյալ Վարդանիկին, սխալվում եք, դուք ուղղակի չեք աջակցում, դուք ուղիղ քաղաքական պատասխանատվություն եք կրում ենթադրյալ կաշառալափության համար:

Ո՞ւր է Մարտուն Գրիգորյանը: Նա ամենամեծ պատասխանատվությունն է կրում, որովհետև ինքն անձամբ էր մասնակցում Գյումրիի քաղաքապետի ընտրություններին և ձայնը տվել է Վարդան Ղուկասյանին, ու դուք եկել ու խոսում եք ազգային ճգնաժամի ու կառավարման ձախողման մասի՞ն: Կառավարումը լիակատար ձախողել եք Գյումրիում»,- հայտարարեց Ռուբինյանը:

Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով:

  • Կիսվել: