Կարապետյանի և հոգևորականության դեմ մեղադրանքները քաղաքական ազդեցություն կունենան Հայաստանի վրա. Ամստերդամ
Մեղադրանքների (Սամվել Կարապետյանի և հոգևորականության դեմ - խմբ.) անընդունելիությունը կցնցի օտարերկրյա առաջնորդներին։ Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
Նշենք, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի այցը հրատապ է և կապված է մի քանի աղմկահարույց գործերի ՝ արքեպիսկոպոսների գործի, Հայ Առաքելական Եկեղեցու վրա ճնշման, գործարար Սամվել Կարապետյանի կալանավորման հետ։
Ամստերդամի գնահատմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում քաղաքական, իսկ միջնաժամկետում՝ տնտեսական առումով ազդեցություն կունենա Հայաստանի վրա։
Նա Հայաստանի կառավարությանը կոչ արեց երկխոսության մեջ մտնել քաղաքացիական հասարակության հետ և գիտակցել, որ եկեղեցին աջակցում է ժողովրդին, պետությանը և հասարակությանը։
«Դադարեցրեք նման անընդունելի վարքագիծ դրսևորելը»,- նշել է նա։
Ըստ իրավաբանի՝ Հայաստանի առաջնորդները ներկայացնում են երեք միլիոն բնակչություն ունեցող երկիր, որը տնտեսական, քաղաքական և իրավական աջակցության առումով կախված է այլ երկրներից։
«Որպես մարդ, որը Հայաստանին հաջողություն է ցանկանում, չեմ կարծում, թե այն փաստը, որ ես երբևէ ներկայացրել եմ ուրիշի շահերը, խնդիր է ստեղծում։ Նրանք դիմել են ինձ, քանի որ ես արդյունավետ աշխատում եմ, և մտադիր եմ արդյունավետ լինել նաև Հայաստանում։ Երբ ես աշխատում եմ քրիստոնյաների համար, ես ամենաարդյունավետն եմ։ Նրանք հավատացյալներ են, որոնք ցանկանում են իրականացնել իրենց կրոնական իրավունքները։ Նման մարդկանց պաշտպանությունը բարձրագույն առաքելություն է»,- ընդգծել է փաստաբանը։
Նա նշել է ապացույցների լիակատար բացակայությունը՝ հավելելով, որ դժվար է նույնիսկ հասկանալ եկեղեցու բարերարի դեմ ուղղված մեղադրանքների էությունը։
Ամստերդամը Հայաստանի իշխանություններին կոչ արեց դադարեցնել մեղադրանքները։ «Ես իմ կյանքում երբեք ոչ մի երկրում նման ամոթալի երևույթ չեմ տեսել, որ այդ տարիքի մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են երկրին և իրենց կյանքում երբեք հանցագործություն չեն գործել, մեղադրվեն և ձերբակալվեն։ Այն պնդումը, թե նրանք պետք է ձերբակալվեն, բացարձակապես ամոթալի է։ Իմ մտահոգությունները, որոնք դարձան իմ Հայաստան այցելության պատճառը, լիովին հաստատվել են։
Հուսով եմ՝ առիթ կունենամ այցելելու իմ պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում և տեսնենք՝ թե ինչ կստացվի։ Դա կլինի բազմաթիվ այցելություններից առաջինը, մինչև իմ պաշտպանյալին և եկեղեցուն առնչվող իրավիճակը լուծվի»,- եզրափակել է Ամստերդամը։
Ըստ news.am-ի:



