չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Կանխատեսում ենք, որ Միքայել Սրբազանին ազատազրկելու են այն չափով, որ մինչև ընտրություններ պահեն փակի տակ. պաշտպան

Կանխատեսում ենք, որ Միքայել Սրբազանին ազատազրկելու են այն չափով, որ մինչև ընտրություններ պահեն փակի տակ. պաշտպան

Միքայել Սրբազանի նկատմամբ մեղադրական վերդիկտը ոչ թե ես եմ կանխատեսել, այլ դատավորի գործողությունները։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Միքայել Սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը։

«Մենք այստեղ հրապարակային տեսանք, թե դատավորը ինչ կոպիտ սխալներ է թույլ տալիս ու ինչպես է ջանքեր գործադրում, որ գործը հասցնի այս տրամաբանական կետին։

Հաջորդ երկուշաբթի լինելու են լրացուցիչ դատալսումներ, որի ժամանակ քննարկվելու է պատիժ կիրառելու հարցը։ Այստեղ արդեն պետք է մեղադրողը պատժի տեսակ և չափի մասին միջնորդություններ ներկայացնի։ Մենք կանխատեսում ենք, որ ազատազրկման հետ կապված պատիժ են միջնորդելու, դատարանն էլ այնպիսի չափով ազատազրկում է տալու, որ Միքայել Սրբազանին մինչև ընտրություններ պահեն փակի տակ։ Սա պարզից էլ պարզ է, կարծում եմ։

Եթե մարդը կոչ չի արել ու ասում են՝ դու արել ես քրեորեն արգելված կոչ։ Կոչը անում են կամ ներկայով, կամ ապագայով։ չես կարող կոչը նցյալով անես։ Իսկ Սրբազանը խոսել է անցյալի մասին։ Այս պարագայում, երբ ակնհայտ անմեղ մարդուն մեղավոր են ճանաչում, չի կարելի սպասել արդարադատություն այս դատավորից։ Երբ դատավորը սկսեց խոսել երերուն ձայնով, ակնհայտ է, որ մեղադրական վերդիկտն է կայացնելու»,–ասաց նա։

Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ անպայման բողոքարկելու են դատարանի վճիռը. «Մեր պաշտպանական թիմը կորոշի, թե ինչ է անելու այդ միջնորդությունների մասով։ Մենք բողոքարկելու ենք կալանքի միջնորդությունները, նաեւ երկարաձգման որոշումներն ենք բողոքարկել, դրանք դեռ քննվում են։ Վերդիկտից հետո դատավճիռ է լինելու, այդ դատավճիռն ենք բողոքարկելու»։

Նշենք, որ քիչ առաջ դատարանը Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչեց քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

  • Կիսվել: