հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը մեծ ջանքեր է պահանջում. Ցինկեր

Իսրայելում ՀՀ դեսպանատան բացումը մեծ ջանքեր է պահանջում. Ցինկեր

Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացումը մեծ ջանքեր և ֆինանսական ծախսեր է պահանջում, ակնկալվում է, որ դեսպանատունը կբացվի 2020 թ. գարնանից ոչ շուտ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իսրայել-Հայաստան» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ակնկալվու՞մ է արդյոք ՀՀ-ում Իսրայելի դեսպանատան բացում, ինչին ի պատասխան՝ Ալեքսանդր Ցինկերը նշեց, որ մոտ ժամանակներս չի ծրագրվում, քանի որ դա կապված է մի քանի պայմանի հետ:

«Առաջին հերթին, դա ֆինանսական հարց է, եւ դեսպանատան բացման ու հետագա սպասարկման համար անհրաժեշտ են աշխատավարձեր եւ այլն: Երկրորդ՝ դրա համար երկու երկրների միջեւ լուրջ առեւտրատնտեսական հարաբերություններ են անհրաժեշտ, ինչը դեռեւս չկա: Եվ, երրորդ հերթին, Հայաստանում ավանդաբար չի եղել եւ այժմ չկա մեծ հրեական սփյուռք, որոնց հարցերով կզբաղվեր դեսպանատունը»,-ասաց Ցինկերը:

Նա նաև հավելեց. «Հայկական ԶԼՄ-ներում կարդացել եմ, որ իրանցիների համար Մեղրիում ազատ առեւտրի գոտի ստեղծելու հետ մեկտեղ ծրագրվում է Գյումրիի մոտակայքում իսրայելական ազատ առեւտրի գոտի ստեղծել: Դա պայմանավորված է ԵԱՏՄ գոտի ապրանքների տեղափոխման համար կենտրոնների ձեւավորման անհրաժեշտությամբ: Այդ նախագծի համար ծրագրվում է ավելի քան 200 հա հող տրամադրել, այսօր տրամադրվել է արդեն 30 հա: Հույս կա, որ այդ նախագիծը նոր որակյալ հարաբերությունների սկիզբ կդնի»:

  • Կիսվել: