Իսկ ինչո՞ւ հետաքննություն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով՝ բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից․ Զախարովա
Իսկ ինչու հետաքննություն չանցկացնել, չպատժել նրանց, ովքեր Հայաստանին ԵՄ մղելով՝ բառացիորեն կոչ են անում հրաժարվել ինքնիշխանությունից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա անդրադարձել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանավորմանը՝ Ռուսաստանի հետ դաշինք կազմելու անհրաժեշտության մասին նրա արտահայտությունների համար:
«Այս սյուժեն ռեզոնանսային է դարձել ռուսական հասարակության մեջ։ Ավանդական դաշնակցի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարության համար քրեական հետապնդումն ինքնին անհեթեթ է»,-ասել է Զախարովան:
Ըստ նրա՝ Ռուսաստանը միշտ եղել և մնում է հավատարիմ Հայաստանի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն լինելու գաղափարին։
Զախարովան նշել է, թե Հայաստանի ղեկավարության արձագանքը Վարդան Ղուկասյանի հայտարարություններին «զարմանալիորեն անհամապատասխան է այն բանին», թե ինչպես է Երևանը նախընտրում անտեսել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների մեկնաբանությունները, ագրեսիվ միջամտությունը ներքին գործերին, նաև «չեն տեսել կալանավորումը նրանց, որոնք կոչ են անում միանալ ԵՄ-ին»։
«Մենք որևէ իրավական գործընթաց չենք տեսել, առավել ևս՝ ձերբակալություններ նրանց դեմ, ովքեր կոչ են անում անխոհեմ կերպով գնալ դեպի Եվրամիություն։ Սակայն ԵՄ-ին միանալն իսկապես ենթադրում է որոշակի ինքնիշխանությունից հրաժարվել։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, որոնք, Հայաստանին դեպի ԵՄ մղելով, բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել իր ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։ Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- հայտարարել է Զախարովան։


