Իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտում է իրականացնում Երևանի կենտրոնում. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը Երևանում Թամանյանի արձանի մոտ քարոզարշավ իրականացնելիս անդրադարձավ գույքահարկի թանկացմանը։ Նրա խոսքով` իշխող թիմը մայրաքաղաքի բնակիչներին կանգնեցրել է սեփական տներից զրկվելու իրողության առաջ։
«Նիկոլ Փաշինյանն (ՀՀ վարչապետ, ՔՊ–ի վարչապետի թեկնածու) ասում է՝ «թանկ տեղ ես ապրում, վաճառի՛, գնա Մասիվ, Փարաքար, Արծվաշեն գնա ապրի»։ Կենտրոնի բնակչությանը, որոնք չեն կարողանում իրենց գույքահարկը վճարել, իշխանությունը գույքահարկի հիմքով էթնիկ զտման է ենթարկում։ Հիմա Երևանի բնակիչները վճարում են եվրոպական հարկեր՝ հայկական աշխատավարձերով»,– ասաց Մարուքյանը։
Քաղաքական գործիչը պարզաբանեց, թե ինչ մեխանիզմով է օրենքն ազդում քաղաքացիների գրպանի վրա։ Մարուքյանը մանրամասնեց, որ հարկի չափը հաշվարկվում է անշարժ գույքի արհեստականորեն ուռճացված գներից, ինչը չի համապատասխանում մարդկանց իրական եկամուտներին։ Մարուքյանը հիշեցրեց, որ իշխանություններն այս բեռը կիրառել են աստիճանաբար, որպեսզի հանրային կտրուկ դժգոհություն չառաջանա։
«Առաջին տարի 25 տոկոս բարձրացրեցին, որ դուք չզգաք, երկրորդ տարին՝ 50, իսկ այս տարի ամբողջանում է օրենքը, և 100 տոկոսով թանկանում է գույքահարկը»,– շարունակեց նա։
Էդմոն Մարուքյանը կոչ արեց ընտրողներին՝ քվեարկության օրն իրենց ձայնով հստակ դիրքորոշում հայտնել այս թանկացումների դեմ։ Նա խոստացավ, որ խորհրդարան անցնելու դեպքում իրենց քաղաքական թիմի առաջնային քայլերից մեկը լինելու է հարկային այս բեռի թեթևացումը։
«Մենք նվազեցնելու ենք՝ տրամաբանական չափերի հետ ենք բերելու, հայկական չափերի ենք բերելու... Մեզ քվե տալով ուղերձ եք տալիս, որ դուք խորհրդարանից ուզում եք, որ գույքահարկը նվազեցվի»,– ընդգծեց նա։


