հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները․ «Հրապարակ»

Իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու:

Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում:

Գեղամ Մանուկյանը Մհեր Գրիգորյանից էր հիասթափված, որը չի կարողացել Արցախում ստեղծված գազի խնդրի եւ այլ հարցերի վերաբերյալ նորմալ, ինֆորմացված պատասխաններ տալ, որը հույս կներշնչեր արցախցիներին:

Մի խոսքով` անիմաստ նիստ է եղել, եւ իշխանությունը չի բավարարել ընդդիմության ակնկալիքները: Սակայն եթե որեւէ գաղտնի, հրապարակման ոչ ենթակա ինֆորմացիա չպետք է հաղորդեին պատգամավորներին, փակ նիստ անելու իմաստն առհասարակ չկար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: