երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
 Իշխանությունները սպառնում են ՏԻՄ թեկնածուներին․«Հրապարակ»

Իշխանությունները սպառնում են ՏԻՄ թեկնածուներին․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ ահազանգելով տարբեր համայնքներում իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց թեկնածուների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին։

«Մարզերում իշխանության ներկայացուցիչներն ամբողջ ուժով զբաղված են «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուներին, մանավանդ՝ կին մանկավարժներին, ահաբեկելու անիմաստ փորձերով։ Ուզում եմ հասկանալ՝ ձեզ փոքր ժամանա՞կ են դպրոցում շատ ճնշել, թե՞ սա կրթական ոլորտի հերթական կարեւորագույն «բարեփոխման» կարճ ճանապարհն է դեպի անդունդ։ Իսկ ձեր դաստիարակությամբ մեկ ամսից կզբաղվեն «Ապրելու երկիր» կուսակցության կողմից ընտրված համայնքի ղեկավարները»,- գրել է Առաքելյանը։ Նրա գրառման տակ արձագանքել էր Չարենցավան համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով առաջադրված ավագանու անդամի թեկնածու Վարդան Մակինյանը՝ հետաքրքրվելով, թե արդյոք Չարենցավան համայնքում կա՞ նման դեպք։

«Եթե կան, խնդրում եմ ասեք, ես էլ եմ թեկնածու «Միասնական համայնք» դաշինքում, խոստանում եմ հստակ տեղեկության դեպքում բարձրացնել այդ հարցը տեղում, կապ չունի քաղաքական տարբեր հայացք ունենալը»,- գրել է Մակինյանը։ Առաքելյանը, սակայն, չի արձագանքել մրցակից թեկնածուի գրառմանը։ Չարենցավանում եւս, հիշեցնենք, «Ապրելու երկիրը» մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, նրա հետ մասնակցում է եւս երկու ուժ՝ «Միասնական համայնք» դաշինքը եւ ՔՊ-ն։

Մենք զանգահարեցինք Մեսրոպ Առաքելյանին՝ պարզելու, թե կոնկրետ որ համայնքներում եւ ում կողմից ճնշումների մասին է խոսքը, խնդրեցինք մի փոքր մանրամասնել։ Առաքելյանը մեր զրույցի պահին Արցախի ճանապարհին էր, եւ կապի խնդիր կար, հասցրեց միայն ասել հետեւյալը․ «Ընդհանուր, գրեթե բոլոր տեղերում էլ, ցուցակների ձեւավորման ընթացքում, այսինքն՝ երբ որ մարդիկ ավագանու անդամի թեկնածու էին դառնում, փորձել են տարբեր խոչընդոտներ կիրառել ցուցակում ընդգրկվելու տեսանկյունից, իսկ ցուցակը հրապարակվելուց հետո էլ դրանք շարունակվում են՝ «սպառնալով», որ աշխատանքից կազատեն»։ Սակայն չցանկացավ կոնկրետ օրինակներ բերել եւ անուններ նշել՝ ասելով. «Հաշվի առնելով, որ մեր թիմակիցների համար նման սպառնալիքները որեւէ ազդեցություն չեն ունենում, դրա համար զերծ ենք մնում որեւէ կոնկրետ օրինակներից»։

Կապն ընդհատվեց, ու այլեւս չկարողացանք զրուցել Մեսրոպ Առաքելյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: