Իշխանությունները փորձում են իրենց թիմի ներսում համոզել, որ անհանգստանալու բան չկա, բայց շատ անհանգիստ են. Լևոն Քոչարյան
Չեմ կարծում, հանրապետության այս նախագահից որեւէ ակնկալիք պետք է ունենալ: Այս մասին, այսօր Բաղրամյան պողոտայից սկիզբ առած երթի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:
«Նախագահական նստավայրը շրջափակելու խորհուրդն այն է, որ ժողովուրդն է որոշում, թե որտեղ փակվի, որտեղ բացվի: Թե չէ նախագահից ակնկալիք չկա»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների հայտարարություններին, թե ընդդիմության հանրահավաքները մարդաշատ չեն, նա ասաց. «Բնականաբար, պետք է փորձեն իրենց թիմի ներսում համոզել, որ անհանգստանալու բան չկա, բայց իհարկե, շատ անհանգիստ են, որովհետեւ տեսնում են, թե ինչպես է շատանում քանակը, նաեւ մարդկանց վճռականությունն է շատ մեծ»:
Նա կոչ արեք մարդկանց միանալ իրենց շարժմանը, մի կողմ դնել անձնական ամբիցիաները. «Այստեղ ինչ-որ մեկի համար չեն գալիս, որեւէ անձի կամ ուժի սատարելու հարց չի: Սեղանին է դրված մեր հայրենիքի ճակատագիրը»,-ասաց նա: