Իշխանափոխությունից հետո հնարավոր է մեր շահերից բխող իրական վերաբանակցում. Սեյրան Օհանյան
Չկա որևէ ուժ կամ անձ, որ չձգտի խաղաղության. ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որպես քաղաքական ուժ ի՞նչ կփոխեին խաղաղության տանող ներկայիս իշխանությունների օրակարգում։
«Որպես զինվորական, վստահ եմ, որ չկա ավելի շատ խաղաղություն ցանկացող անձ, քան նրանք, ովքեր առաջինն են տուժում պատերազմի թոհուբոհում։ Բայց խաղաղությունը պետք է լինի ռեալ, ոչ թե այնպես, ինչպես այսօրվա իշխանություններն են խոսում», - նշեց նա։
Օհանյանն ընդգծեց, որ վերջին փաստաթղթի ստորագրումից հետո վարչապետի հայտարարությանը հաջորդել է ԱԽՔ-ի հայտարարությունը, թե խաղաղությունն անվտանգության երաշխիք է։
«Խաղաղությունը չի կարող լինել անվտանգության երաշխիք։ Այն հիմնարար արժեք է, որը ձևավորվում է ազգային և միջազգային երաշխիքների միջոցով։ Ազգային երաշխիքները բանակն ու ներքին կայունությունն են, իսկ միջազգայինը՝ արտաքին քաղաքականությունը՝ երկկողմ բանակցությունների և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքների շրջանակում»,-ասաց նա։
Օհանյանը նշեց, որ իշխանափոխության դեպքում ցանկացած նոր ուժի առաջնահերթ խնդիրներից պետք է լինի իրական ազգային երաշխիքների ձևավորումը։ «Առաջին քայլերից մեկը բանակի ամրացումն է։ Եթե ամրությունը կա, ապա հնարավոր է իրական վերաբանակցում՝ մեր շահերից բխող։ Պետք է կետ առ կետ անցնել բոլոր պայմանավորվածություններով և եզրակացություններ անել։ Իսկ այսօր մենք տեսնում ենք միակողմանի պարտադրանք, հռետորաբանություն, երբ դեռ փաստաթղթերը չստորագրած և բանակցությունները չսկսած՝ հակառակորդի կողմից հնչում են հայտարարություններ, որոնք հակասում են հենց բանակցային տրամաբանությանը»։


