Իրավական հիմքեր կապահովվեն ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված գործողությունների պլանավորման համար. նախագիծ
Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Կլիմայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի խոսքով՝ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի քանի առանցքային պատճառներով՝ Հայաստանը վավերացրել է Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան և դրա փարիզյան հռչակագիրը, որով մեր երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն, ինչպես նաև բացել է լայն հնարավորություններ՝ ներգրավելու ֆինանսական միջոցներ՝ պայքարելու կլիմայի փոփոխության արդյունքում առաջացած բացասական հետևանքների դեմ:
«Օրենքով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները»,- ասաց Մեյմարյանը:
«Օրենքի ընդունման դեպքում ակնկալում ենք ունենալ հստակ սահմանված տնտեսության դիմակայունությանն ուղղված նպատակներ և հնարավորություններ, հստակ սահմանված իրավասություններ և պարտականությունների շրջանակ, ներդրված նորարարական ֆինանսական մեխանիզմներ, ջերմոցային գազերի արտանետումների, երկրից ստացած ֆինանսական աջակցության և իրականացված քաղաքականության արդյունքների հաշվառման և հաշվետվողականությունն ապահովելու համար ինստիտուցիոնալ համակարգ»,- պարզաբանեց նա:


