ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է ՀՀ ԱԳՆ տեղակալի հետ. Թեհրանը զգուշացնում է արտատարածաշրջանային երկրներին

Իրանի Գերագույն առաջնորդի խորհրդականը հանդիպել է ՀՀ ԱԳՆ տեղակալի հետ. Թեհրանը զգուշացնում է արտատարածաշրջանային երկրներին

Իրանի Գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին Թեհրանում հանդիպել է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ և ողջունել համագործակցության ընդլայնումը՝ ընդգծելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ուշադիր հետևում է իր սահմանների մոտ տեղի ունեցող ցանկացած զարգացմանը և համարժեք կարձագանքի ազգային անվտանգությունը խաթարող ցանկացած գործողության: Նա հավելել է, որ Իրանը չի հանդուրժի իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ, գրում է parstoday.ir-ը:

Հանդիպման սկզբում Կոստանյանը բացատրություն է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների և Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ և ընդգծելով երկու երկրների միջև պատմական և բարիդրացիական հարաբերությունների պահպանման անհրաժեշտությունը, ասել է. «Մենք խորապես կարևորում ենք Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և բարձր ենք գնահատում այդ պատմական կապերը»։

Վելայաթին նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ցանկանում է իր հարևանների միջև երկարատև խաղաղություն և անվտանգություն և այլ հավակնող երկրներից ավելի շատ է կարոևորում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը։ Խորհրդային Միության փլուզումից և տարածաշրջանի երկրների անկախացումից հետո, Իրանն առաջին երկիրն էր, որ քայլեր ձեռնարկեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ուղղությամբ և Արտաքին գործերի նախարարությունում պաշտոնավարության ընթացքում ես իմ բոլոր ջանքերը գործադրել եմ այս ուղղությամբ»։

Խոսելով խաղաղության հասնելու Իրանի գործնական միջոցառումների մասին՝ Իրանի առաջնորդի խորհրդականը հավելել է. «Մենք նույնիսկ զոհաբերություններ ենք արել, ներառյալ՝ մի շարք իրանցի դիվանագետների ընտանիքների նահատակությունը, որոնք զոհվել են, երբ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հրթիռը հարվածել է նրանց ինքնաթիռին։ Այդ հաշվետվությունը ցույց է տալիս խաղաղություն հաստատելու հարցում Իրանի Իսլամական Հանրապետության լուրջ վճռականությունը»։

Նա շարունակել է պարզաբանել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքները՝ ընդգծելով, որ «տարածաշրջանի ճակատագիրը պետք է որոշեն բացառապես տարածաշրջանի երկրները»։

  • Կիսվել: