չորեքշաբթի, օգոստոս 5
5 / 8 / 2026
Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին

Ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է իշխանությունից. Չախոյանը՝ բարեկրթության կոչի մասին

Կիսում եմ այն տեսակետը, որ ընդդիմություն-իշխանություն բանավեճը պետք է տեղի ունենա բացառապես բարեկրթության սահմաններում։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ բարեկրթության մասին կոչին:

«Ակնկալում եմ, որ, այո՛, այդպես էլ կլինի ու այդպես էլ կշարունակվի, ինչը բնականաբար չի նշանակում, որ չի լինելու բանավեճ ընդդիմության ու իշխանության միջև, սակայն այդ բանավեճերը, հուսով եմ, որ բացառապես բարեկրթության սահմաններում են լինելու:

Թերևս ես՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, իշխանական ուժի պատգամավոր, կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի բանավեճերը լինեն բարեկրթության սահմաններում և տեղիք չտանք միջադեպերի, ինչը անընդունելի է և մեր հասարակության համար՝ զուտ աչքի համար, հաճելի երևույթ չէ»,-ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս հարցում ընդդիմության ոչ մի պատգամավորի համար չեմ կարող երաշխիքներ տալ:

«Նախորդ Ազգային ժողովի ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորների կողմից բազմիցս եղել են առաջարկներ այս նույն բարեկրթության սահմաններում փորձել կազմակերպել նիստերը և ելույթները, ինչպես նաև բանավեճերը, սակայն ընդդիմության ներկայացուցիչների կողմից այդ առաջարկները մերժվել են: Շատ ժամանակ այդ ամեն ինչը տեսագրվել է հենց տեսախցիկներով, ինքներդ ականատես եք եղել այդ ամեն ինչին, դե կներեք, չի կարող լինել այդ բարեկրթությունը միակողմանի։ Կոպիտ ասած՝ ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է նաև իշխանությունից»,-ասաց նա։

Լրագրողի ճշտող հարցին՝ որ հարվածեն, կհարվածի՞, Չախոյանը պատասխանեց. «Ո՞նց եք պատկերացնում, եկեք գլուխներս ծռենք և սպասենք, որ մեզ ծեծե՞ն, լո՞ւրջ»:

  • Կիսվել: