հինգշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2026
Ինչո՞ւ չեն ուղարկում փոստով․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակների մասին

Ինչո՞ւ չեն ուղարկում փոստով․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակների մասին

Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակները պետք էր ոչ թե փոխանցել Հայաստանի կառավարությանը, այլ ուղարկել փոստային ծառայության միջոցով։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Չգիտեմ՝ ինչ որոշում է կայացվել, բայց, ճիշտն ասած, դա տարօրինակ է։ Եթե կան նամակներ, ինչո՞ւ դրանք չեն ուղարկում փոստով։ Դրա համար գոյություն ունեն փոստային ծառայություններ, որոնք կարող են դա անել։ Ինչո՞ւ պետք է մենք հանդես գանք որպես միջնորդ։ Չգիտեմ՝ արդյոք քննարկել ենք այս հարցը և հանգել որևէ եզրակացության, բայց այստեղ կան իրենց նրբությունները։ Որքանո՞վ է տրամաբանական Կառավարությանը փոխանցել հազար նամակ՝ ասելով․ «Փոխանցեք այս նամակները»։ Կարող եմ միայն ենթադրել, որ այն գերատեսչությունը, որին դիմել են, կդիտարկի հարցը և կպատասխանի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ հանգամանքներից ելնելով տպավորություն է ստեղծվում, թե նման գործողությունները ձեռնարկվում են ոչ թե խնդրի լուծման, այլ որոշակի անցանկալի իրավիճակ հրահրելու նպատակով։

Նա նաև հավելեց, որ նման հարցերում իշխանությունները զգուշավորություն են ցուցաբերում, որպեսզի, ի վերջո, չվնասեն Բաքվում պահվող հայերին։

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին «Արցախի միություն» կազմակերպության ղեկավար, Նախագահական Արցախի նախկին պետնախարար և նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Հայաստանի Կառավարությանն էր փոխանցել Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ։ Դրանք գրվել էին աշխարհի տարբեր երկրներում։ Նամակների հավաքագրումն իրականացվել էր Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ։

  • Կիսվել: