Իմպիչմենտը ընթանալու է փողոցային պայքարով, գործընթացը կսկսենք, երբ 54 ստորագրությունները լինեն. Մամիջանյան
Իմպիչմենտի գործընթացը վաղուց է սկսված, պարզապես լսումները, որ այս գործընթացի մի մասն են, ևս մեկ կարևոր հանգրվան էր, նախ այն փաստով, որ «Հայաստան» խմբակցությունը միացավ նախաձեռնությանը, երկրորդ, տեսնելով, թե ինչ կոնսոլիդացիա էր առկա արտախորհրդարանական ուժերի և հասարակաքաղաքական միավորումների կողմից, ուստի սա ևս մեկ ըստ պլանի նախատեսված միջոցառում էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, իմպիչմենտի գործընթացը առանց ժողովրդի աջակցության, առանց լայն հասարակական զանգվածների, առանց փողոցային պայքարի հնարավոր չէ. «Դա իշխանության ներկայացուցիչները գիտեն և վախը այդ իրողությունից նկատվում էր։ Այո, դա անբաժանելի և կարևորագույն մասն է վարչապետի անվստահություն հայտնելու և հենց այդպես էլ տեղի է ունենալու ՔՊ-ից պատգամավորների միացումը գործընթացին»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ժամկետներին, նա հայտարարեց. «ՀՀԿ–ի և դրա պատգամավորական խմբակցության վրա որևէ մեկը ժամկետներ դնել չի կարող։
Իմպիչմենտի գործընթաց կարելի է մուտք անել 36 ստորագրությամբ, որից հետո 72 ժամվա ռեժիմով այն մտնում է օրակարգ, քվեարկվում և բացասական քվեարկվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը կես տարով ստանում է իմունիտետ։ Մենք նման բան թույլ տալ չէինք կարող։ Նույնիսկ եթե առկա լինեին այն ՔՊ-ականները անհրաժեշտ թվով, որոնք միանալու են, իրենց նկատմամբ ռեպրեսիվ մեխանիզմը սկսելու էր աշխատել։
Ոչ, մենք ընտրել ենք պարտվելու հավանականություն չենթադրող ճանապարհը, մինչև չլինի 54 ստորագրություն, մենք այդ թուղթը մուտք չենք անելու։ Մուտք անելու պահին արդեն գործընթացը հաղթանակած է լինելու, որովհետև այդ անհրաժեշտ 54-ը արդեն ստորագրած են լինելու։ Սա է մոդելը»։


