շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իմ հիվանդասենյակը ոնց որ հանրակացարան լինի․ Քոչարյանը ներկայացրել է իր պահման պայմանները

Իմ հիվանդասենյակը ոնց որ հանրակացարան լինի․ Քոչարյանը ներկայացրել է իր պահման պայմանները

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստում նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմանների մասին և հարցրեց՝ խցում այլ անձինք կա՞ն։

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պայմանները, ասաց, որ աշխատակիցները աշխատում են հերթափոխով՝ մեկ օր աշխատում են և երեք օր ազատ են։

«Ոչ մեկ չի կարող վերահսկել, թե աշխատանքային օրվանից դուրս՝ ինչով են զբաղվում։ 90 տոկոսը երիտասարդներ են, ինչը նշանակում է, որ նրանք ասիմտոմ կարող են տանել վարակը՝ լինել վարակակիր ու չիմանալ, որ վարակ են կրում իրենց մեջ։ Հիմա ես խցում մենակ եմ, իմ ցանկությամբ եմ մենակ, բայց անձնակազմի հետ շփում, իհարկե, կա։ Ուղղակի հնարավոր չէ այդ շենքայինի պայմաններում հեռավորություն պահպանել, նեղ են միջանցքները։ Բացի այդ, ուտելիքը բերում են փաթեթավորված, պենոպլաստե տարաների մեջ և որևէ մեկը չի կարող երաշխավորել դրա մաքուր լինելը։ Ուղղակի անհնար է։ Կարանտինային պայմաններ անձնակազմը փորձում է ապահովել, պահել, բայց այդ շենքային պայմաններում չկա օդափոխություն, չկա ոչինչ, ինչ պահանջվում է այդ վարակի դեմ պայքարելու համար», -իր ապրելու պայմանները ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանը հավելեց, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Ռոբերտ Քոչարյանի հիվանդասենյակում կա քրեակատարողական հիմնարկի ծառայող, որը նույնպես ամեն օր փոփոխվում է, հետևաբար երաշխիքներ չկան, որ նա կարող է վարակակիր չլինել։ «Սենց ասեմ, ես ոնց որ հանրակացարանում լինեմ, անպայման սենյակում գտնվում է մեկ մարդ, որը պարբերաբար փոխվում է։ Իմ շփման մակերեսը այսօր մոտ 70 մարդ է՝ շաբաթվա ընթացքում», -փաստաբանին լրացրեց Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ավելի վաղ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երկու միջնորդություն՝ ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և կորոնավիրուսով պայմանավորված խափանման միջոցն ընդհանրապես վերացնելու մասին։

  • Կիսվել: