կիրակի, հունվար 19
19 / 1 / 2025
Իմ հեռախոսահամարը տարածվել է տելեգրամյան ալիքներում. զանգահարում են, հայհոյում, սպառնում. ՔՊ-ականը դիմեց իրավապահներին

Իմ հեռախոսահամարը տարածվել է տելեգրամյան ալիքներում. զանգահարում են, հայհոյում, սպառնում. ՔՊ-ականը դիմեց իրավապահներին

Որոշեցի ելույթ ունենալ եւ մեր հասարակությանը տեղեկացնել, թե ինչերի են ընդունակ մարդկանց այն խմբակները, որոնք այսօր հավաքված են սառեցված նախկին հոգեւորականի  կողքին: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:

«Երեկ առավոտվանից իմ հեռախոսահամարը սկսել է տարածվել տելեգրամյան ալիքներում, որից հետո մինչ այս պահը ես ստանում եմ զանգեր եւ հաղորդագրություններ, որոնց ամբողջ բովանդակությունը հայհոյանք, անեծք եւ սպառնալիք է իմ անձի, ընտանիքի, երեխաների հասցեին: Բնավ տպավորություն չստեղծվի, որ այս ամենից ես վախեցել եմ կամ անգամ մտահոգվել: Ուղղակի հարկ համարեցի եւս մեկ անգամ մեր քաղաքացիներին հիշեցնել, թե ովքեր են այսօր փողոցում պահանջում ընտրված վարչապետի հրաժարականը:

Չնայած նրան, որ այս անշարժ շարժման առաջնորդը նախկինում սրբազան է աշխատել,  այս իշխանատենչ մասսան չունի որեւէ սրբություն, հակառակ պարագայում ոչ մի պարագայում բանական մարդը չի կարող անիծել, հայհոյել 7 տարեկան երեխային»,-ասաց նա:

 

Պալյանը հրավիրեց իրավապահ համակարգի ուշադրությունը եւ խնդրեց իր այս ելույթն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:

«Իսկ հիմա ուզում եմ դիմել Վազգեն Գալստանյանին: Պարոն Գալստանյան, չեք հավատա, բայց ես ձեզ հասկանում եմ, հասկանում եմ, որ հանձնարարական ունեք մի մարդու կողմից, ում  անունով դիմելու համար մեր երկրում տարիներ առաջ մարդ է սպանվել: Դե բնական է, կվախենաք, երբեմն նաեւ կպատկերացնեք, թե ինչեր կարող են անել այդ նույն մարդիկ ձեզ հետ, ձեր առջեւ դրված առաջադրանքը չկատարելու դեպքում: Գուցե ծանր հոգեվիճակում ստիպված անում եք քայլեր՝ չգիտակցելով դրանց խղճուկ եւ ճղճիմ լինելը: Մի խորհուրդ կարող եմ տալ միայն. Վստահ եմ, որ հոգեւորական աշխատած տարիներին տերունական աղոթքը սովորած կլինեք, ի տարբերություն շատերի: Հաճախ աղոթեք, մեղքերի թողություն հայցեք Աստծուց, թե չէ փորձում եք մեզ վախեցնել, սպառնալ, բայց ինքներդ էլ  քաջ գիտակցում եք, որ մենք որեւէ դեպքում չենք վախենում,  ավելի ենք ուժեղանում:

Խնայեք ձեր էներգիան ու ռեսուրսը, դա անձամբ ձեզ դեռ շատ է պետք գալու, երբ ավարտվի ձեզ տրված ժամանակը եւ գա բացատրության պահը՝ «ինչու չկարողացանք հաջողել» վերտառությամբ»,-ասաց Պալյանը:

  • Կիսվել: