«Իմ երեխաները մկրտված են, բայց ես պատրաստ կլինեի, որ նրանց կնքեր Տեր Արամը». Խուդաթյան
Մեծ է ցանկությունը այս կիրակի Հովհաննավանք գնալու, և աշխատանքային օրակարգը փորձելու եմ այնպես դասավորել, որ գնամ Հովանավանք, դրանից հետո մասնակցեմ Վաղարշապատի քարոզարշավին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Իմիջիայլոց, դրանից հետո երկու շաբաթ արձակուրդում եմ լինելու և կարող ենք Վաղարշապատում ավելի հաճախ հանդիպել։ Նախկինում ուղղակի ձեզ չի հետաքրքրել այդ հանգամանքը՝ մենք պատարագների մասնակցում ենք, թե չէ։ Ես իմ եկեղեցի գնալը երբևէ չեմ էլ հրապարակել։ Եթե ընտանեկան ինչ-որ առիթով եկեղեցի չեմ գնացել, չեմ էլ հրապարակել, բայց շատ հաճախ ինձ կարելի է տեսնել Հայաստանի տարբեր եկեղեցիներում առանց տեսախցիկների»,–ասաց նա։
Հարցին՝ պատրա՞ստ է իր երեխաներին տանել, որ կնքի կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը, նախարարը պատասխանեց. «Իմ երկու երեխաները մկրտված են։ Ես սովորաբար այդպիսի առիթները կազմակերպում եմ իմ տարածաշրջանում. և իմ և պսակադրությունը, և իմ երեխաների կնունքը եղել է Արմավիրի եկեղեցիներում, բայց եթե ձեր հարցին անդրադառնամ, ապա այո, պատրաստ եմ»։
Դիտարկմանը, որ ՔՊ-ականները կլիենտուրա են հավաքում, որոնք Ստեփան Ասատրյանի մոտ կնունք կամ հարսանիք կանեն, Խուդաթյանն ասաց. «Եթե հոգևոր իրադարձության մասին ես օգտագործեի այն տերմինը, որ դուք օգտագործեցիք, վստահաբար ես կդառնայի Հայաստանի բոլոր ընդդիմադիր լրատվամիջոցների օրվա վերնագիրը։ Ձեր տերմինը այս իրադարձության մասին լավը չէ»։


