Ի՞նչն է խանգարում ընդդիմությանը իմպիչմենթի գործընթաց սկսել ԱԺ-ում. Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը
Մենք ոչ միայն դեմ չենք իմպիչմենթի գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու և բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն սկսում իմպիչմենթի գործընթաց:
«Բայց եթե ոմանց պետք է դա շոու սարքել... այն գործիչը, որ թույլ է տալիս մեզ համեմատելու չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ ուզում եք քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական պրոցես անենք։ Մենք այդ պրոցեսին դեմ չենք եղել և դեմ չենք: Մնացածը արդեն դետալների հարց է»,-ասաց նա:
Հարցին՝ Նարեկ Մայլյանը, որ քննադատում է Ռոբերտ Քոչարյանին եւ նրա գլխավորած «Հայաստան» խմբակցությանը, շոո՞ւ է անում, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորություն է, որ գործընթացը ավելի անլրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջացնելու: Ես չգիտեմ ում նպատակը ինչ է, ավելի պարզ ասեմ՝ լավ էլ գիտեմ՝ ով ինչ նպատակ ունի, հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ: Երբ կգա լուրջ խոսակցության ժամանակ, կխոսենք»:
Հարցին՝ ի՞նչ է խանգարում, որ սկսեք իմպիչմենթի գործընթացը, նա արձագանքեց. «Իրոք, ձեր մոտ տպավորություն կա, որ այս գործընթացը հաջողելու համար ընդամենը պակասում է, որ մեր պատգամավորները ինչ-որ թեկնածուի տակ ստորագրե՞ն: Դա է պակասո՞ւմ»:
Անդրադառնալով տեսակետին, որ ընդդիմադիրների շարքերում համաձայնություն չկա վարչապետի թեկնածուի շուրջ, նա ասաց. «Խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, Սրբազան շարժման ժամանակ, երբ որ Սրբազան շարժումը կար, Բագրատ Սրբազանը չասաց՝ ինձ հռչակեք վարչապետի թեկնածու, ես գնամ շարժումը սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց և հրապարակը ընտրեց վարչապետի թեկնածու, դրանից առաջ նաև բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, ով, որ շարժումը ղեկավարել է, ինքը լինի թեկնածու: Խորհրդարանական ընդդիմությունը ասաց՝ մենք պատրաստակամ ենք հենց հիմա ստորագրել ցանկացած թեկնածուի շուրջ, ում հրապարակը, շարժումը մեջտեղ կբերի։
Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի թեկնածու՝ Վազգեն Մանուկյանին, և ամբողջ պրոցեսը եղել է, որ իմպիչմենտի գործընթացը սկսենք և այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել: Դիմադրության շարժման ժամանակ դա չենք արել, որովհետեւ մի տարվա սահմանափակման մեջ էինք ընկնում: Այսինքն կառավարության ղեկավար ընտրվելու հետո մեկ տարի իրավունք չունես իմպիչմենթ սկսել»:
Իշխն Սաղաթելյանը հավաստիացրեց, որ այսօր ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի թեկնածու. «Խնդիրը հետևյալն է, այս պրոցեսը որքան է լուրջ, որովհետև լուրջ թեկնածուն պետք է բավարար հիմքեր տեսնի, որ այդ պրոցեսի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել, ՔՊ-ն ընտրի Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջանցք, ասեք՝ ախպեր, էս ի՞նչ արեցինք։ Մեզ պետք է, որ արդյունք ունենանք։
Հիմա ասում են՝ մեկ պատգամավորի ստորագրությունը բավարար է պրոցես սկսելու համար: Ժողովուրդ ջան, այդ ձև չի, այդ պրոցեսը համարվում է պրոցես այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք է արվում խորհրդարան: Հիմա ես քո, իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի թեկնածու է, դա նշանակում է իմպիչմենթի պրոցե՞ս»,-ասաց նա: