կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Ի՞նչ տարբերություն, անօթեւանը անօթեւան է. լինի Հայաստանում եղած, թե Արցախից գաղթած. Տարոն Չախոյան

Ի՞նչ տարբերություն, անօթեւանը անօթեւան է. լինի Հայաստանում եղած, թե Արցախից գաղթած. Տարոն Չախոյան

Ես ավելի քան վստահ եմ, որ կառավարությունը արել է և անում է իր ուժերի ներածին չափով։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք արցախցին կարող է մեկ անձին 4 մլն դրամի աջակցությունով բնակարան գնել Երևանում կամ երեւանամերձ մարզերում։

«Եկեք բոլորս հասկանանք, որ Հայաստանում միայն արցախցիների խնդիրը չէ, Հայաստանում կան այդ թվում նաև բազմաթիվ անօթևաններ, որոնց հարցերով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Գյումրիում ամիսներ առաջ եղան համայնքապետի ընտրություններ, անընդհատ մատնանշվում էր, որ կան բազմաթիվ անօթևաններ ու բոլոր շեշտերը ուղղվում էր կառավարության վրա։ Այսինքն կառավարության պարտականություն էին համարում, որ այդ անօթևանների խնդիրը պետք է լուծվի»,–ասաց նա։

Դիտարկմանը՝ արդյոք ճիշտ է զուգահեռ տանել հայաստանյան անօթեւանի եւ արցախցու միջեւ, Չախոյանը պատասխանեց. «Ի՞նչ տարբերություն, անօթեւանը անօթեւան է, տուն չունեցողը տուն չունեցող է։ Մեկը ստիպված գաղթել է, այն մյուսը գրավադրել է և ստիպված կորցրել է իր օթևանը։ Երկուսն էլ հայտնվել են արդյունքում նույն կարգավիճակում։ Անօթևանը անօթևան է՝ անկախ նրանից, թե ինչ պայմաններում է կորցրել իր օթևանը»։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետի գրառումը շատերը մեկնաբանում են այնպես, որ նա պատրաստվում է գրոհել Վեհարանը, մանրամասնեց․ «Վարչապետը հայտարարել էր՝ Վաղարշապատ համայնքում չկա գեթ մի տարածք, որտեղ իրավապահները իրավասու չլինեն գործել. դա նշանակում է, որ մեր իրավապահները իրավասու են գործել ցանկացած տարածքում, իրենց օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում»։ 

«Ես դա չէի որակի որպես գործողության անոնս։ Դա ընդամենը հայտարարություն էր, որ մեր իրավապահները կաշկանդված չեն և օրենքով սահմանափակված չեն որևիցե տարածքում, օրենքով իրենց տրված լիազորությունների շրջանակում գործողություններ իրականացնելու։

Եթե դա ցուցում լիներ իրավապահներին, դա կլիներ հեռախոսազանգով և դրա մասին հանրային ձևով հայտարարություն չէր լինի, առավել ևս վարչապետի գրառման տեսքով։ Եթե ցուցում լիներ, զանգով կլիներ ու հանրությունը չէր իմանա դրա մասին»,–ասաց նա։

 

Դիտարկմանը՝ այսինքն, Նիկոլ Փաշինյանը կզանգեր իրավապահ կառույցի ղեկավարներին, ցուցում կտար մտնել Վեհարան, օրինա՞կ, և որդանով է դա նորմալ, Տարոն Չախոյանն արձագանքեց. «Հենց ամբողջ հարցն էլ դա է, որ դա նորմալ չէ և այդ ցուցումը չի եղել»։

  • Կիսվել: