հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ի՞նչ երեսով եք այստեղ նստած. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ի՞նչ երեսով եք այստեղ նստած. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հարգելի ընդդիմություն, դուք ի՞նչ եք անում այստեղ, ժողովուրդ ջան, դուք օգոստոսի 8-ից հետո առհասարակ ի՞նչ եք անում այստեղ, այստեղ կամերաներ կան, ձեզ նկարում են, կարող են ձեզ հարցեր տալ, ի՞նչ երեսով եք այստեղ առհասարակ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին։

Նա, մասնավորապես, նշեց. «Խոսելիս էլ մեկ–մեկ տպավորություն է, որ ես էի վերջին 8 տարիներին ինչ հեքիաթ ասես պատմում ստորագրվելիք խաղաղության պայմանագրի մասին, ոչ թե դուք։ Աշխարհի երեսին ինչքան սուտ, ինչքան հեքիաթ ասես, ապոկալիպտիկ սցենարով... նայում էիր, քեզ թվում էր, Ջեյմս Քեմերոնը կարող է այդ սցենարով մի հատ թույն ֆանտաստիկ կինո նկարեր։

Այսօր եկել եք, նստել, ոնց որ ոչինչ չի եղել։ Վերջին 5 տարիներին ձեր նկարագրած սցենարով, երբ այդ թուղթը ստորագրվեր, Հայաստանը պետք է կործանված լիներ։

Դուրս եկեք, մարդկանց պատասխան տվեք՝ այդ ի՞նչ հեքիաթներ էինք պատմում ստորագրվելիք պայմանագրի մասին։ Այդ հեքիաթների պատասխանը պետք է տաք, բոլորիդ ելույթներն այստեղից հատ-հատ կարդացվելու է»:

Այնուհետև ՔՊ-ական պատգամավորն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթին՝ ասելով. «Ասում է՝ մշակութային ցեղասպանություն, ու որպես մշակութային ցեղասպանության կոնտեքստի շարունակություն ասում է՝ հիմնանորոգում եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը։

Նախ՝ կատարող ընկերությունը, որը շահել է մրցույթը, ձեր խմբակցության նախկին պատգամավորի ընկերությունն է։ Դա արդեն ձեր բարոյականության հարցն է, թե ով է ձեզ հետ նույն խմբակցությունում, ու եթե ձեր նշած բանն է, որ ավիրում են, ձեր թիմակիցն է, գնացեք քաղաքականապես էլ, բարոյապես էլ, սենց էլ, նենց էլ, հարցրեք։ Եթե ինձ հարցնեք՝ ձեր հետ փոխկապակցված մարդկանց ոչինչ վստահել չի կարելի այս երկրում, բայց օրենքները պնդում են, որ կարելի է»:

Ալեքսանյանին պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա, մասնավորապես, ասաց. «Պարոն Ալեքսանյան, երեսից որ խոսեցիք, մի հատ հարց տամ էլի, ի՞նչ երեսով եք այստեղ եկել, Դուք ձեր նախընտրական ծրագիրը կարդացե՞լ եք, հիշու՞մ եք.  ձեր կառավարության ծրագիրը կարդացե՞լ եք, հիշու՞մ եք, թե երես ունենալու նուրբ հմտությունը 180 աստիճանով փոխել է մոտեցումները, իսկ չակերտավոր այդ համաձայնագրի մասին դեռ առիթ կունենանք երկար խոսել։

Սիրելի հայրենակիցներ, 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայում Համադաշնության խորհրդարանի ստորին պալատը Ազգային խորհուրդն ընդունել Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում, հայերի վերադարձի հնարավորության ապահովում, թիվ 24.42.59 բանաձևը։

Նույնանուն բանաձևը այս տարվա մարտի 18-ին ընդունեց նաև խորհրդարանի վերին պալատը։ Ընդունված բանաձևով Շվեյցարական խորհրդարանը հանձնարարում էր Շվեյցարիայի կառավարությանը հիմնել առանձնացված հարթակ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար։

Երկխոսության նպատակը պետք է լինի հայ բնակչության անվտանգ և հավաքական վերադարձը Լեռնային Ղարաբաղի, Լեռնային Ղարաբաղ միջազգային դերակատարների հսկողությամբ կամ ներկայությամբ։

Մայիսի 19-ին Շվեյցարիայի խորհրդարանում ստեղծվում է Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնություն բազմակուսակցական կոմիտեն, որի նպատակն է աջակցել Շվեյցարիայի կառավարությանը։ Նշեմ, որ այլ երկրի խորհրդարանականները իրենց աջակցությունը են հայտնել այս նախաձեռնությանը, մասնավորապես Միացյալ թագավորության խորհրդարանի կրոնի կամ հավատի միջազգային ազատության բազմակուսակցական խմբի 110 անդամներ հունիսին իրենց աջակցությունն են հայտնել, և նաև պատեհ առիթը հիշեցնելու Եվրոպական խորհրդարանի երկու բանաձևերը, որով ճանաչում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը։

«Հայաստան» խմբակցության անունից ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի խորհրդարանականներին այս նախաձեռնության համար, և նույն ժամանակ կոչ եմ անում Շվեյցարիայի համադաշության կառավարությանը հնարավորինս արագ ձեռնամուխ լինել խորհրդարանի որոշման իրականացմանը։

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին չփորձել խոչընդոտել այս նախաձեռնությանը։ Եթե դուք չեք կարող կամ չեք ուզում օգնել, մի խանգարեք, որևէ մեկը իրավունք չունի զրկել Արցախի Հանրապետության ժողովրդին իր ճակատագիրը տնօրինելու իրավունքից, ոչ դուք, ոչ էլ Ադրբեջանն ու Թուրքիան»:

  • Կիսվել: