չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, այն Հայաստանի անվտանգային համակարգի մասն է․ Հակոբ Արշակյան

Հռոմի ստատուտի վավերացումն ուղղված չէ ՌԴ-ի դեմ, այն Հայաստանի անվտանգային համակարգի մասն է․ Հակոբ Արշակյան

Հռոմի ստատուտի վավերացումը կապված չէ ՌԴ-ի հետ, այն Հայաստանի անվտանգային համակարգի մասն է։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է Հռոմի ստատուտի վավերացման հապճեպության, եթե գիտենք, որ մի պետքություն, որը հսկայական ազդեցություն ունի տարածաշրջանում և կարող է վնասել ՀՀ-ին, սվիններով է ընդունում այս ստատուտի վավերացումը։

 

«Մենք Հռոմի ստատուտի թեմային անդրադադրձել էինք, և ես հայտարարել էի, որ Հռոմի ստատուտի վերաբերյալ խնդիրները հնարավոր է երկկողմ ձևաչափով լուծել։ Այսինքն՝ վավերացնել, սակայն Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ ձևաչափով այդ խնդիրները հասցեագրել։ Այո՛, այդպիսի մեխանիզմներ կան, և դրանք գործում են տարբեր երկրների հետ»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

 

Նրա խոսքով՝ այդ հայտարարութուններից հետո եղել է գործընթաց ԱԳ նախարարությունների մակարդակով, քննարկումներ և բանակցույուններ են անցկացվել, որոնց ընթացքում սեղանին դրվել են այդ տարբերակները։

 

Դիտարկմանը, որ ստացվում է ռուսական կողմին ասվել է, որ կա մեխանիզմ, որն իրենց համար որևէ խնդիր չի առաջացնում, Հակոբ Արշակյանը դրական պատասխան տվեց։

Նա ընդգծեց, որ այս ստատուտի վավերացման գործընթացը մեկնարկել է տարիներ առաջ և որևէ կերպ կապված չէ ՌԴ-ի հետ, այլ անվտանգային հարց է։

«Ուզում եմ շատ կարևոր շեշտադրում անել։ ՀՀ իշխանություններն իրավական առումով սահմանադրորեն պարտավոր են Հայաստանի անվտանգության մեխանիզմներ մշակել։ Իրենք պատասխանատու են պետության անվտանգային համակարգի համար։ Եթե ՀՀ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում իրենց դեմ ուղղված հարձակումների մասով իրավական պատասխանատվության մեխանիզմներ մշակելու ուղղությամբ, ապա դա, կարելի է ասել, անգործություն է»,- ընդգծեց Արշակյանը։

Ինչպես նշեց ԱԺ փոխնախագահը, սեպտեմբերի 1-ին հարձակում է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա, ինչն էլ ստիպել է Կառավարությանը նախագիծը հապճեպ ուղարկել ԱԺ։

«Նորից եմ ասում՝ երկկողմ քննարկման մեխանիզմներն առաջարկվել են, կան, դրանք սեղանին դրված են և ցանկացած ժամանակ դրանց կարող է ընթացք տրվել։ Սա Ռուսաստանի դեմ ուղղված չէ ոչ մի կերպ, սա Հայաստանի անվտանգության համակարգի մի մասն է։ Ըստ էության՝ սա միտված է ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ՀՀ-ի անվտանգության դեմ քայլեր ձեռնարկող պետությունների, անձնապես՝ ղեկավարների պատասխանատվության հարցը միջազգային ատյաններում բարձրացնելուն, հավելյալ մեխանիզմ է»,- շեշտեց նա։

Հարցին՝ արդյոք սա չի հակասում այն օրակարգին, որով ՀՀ-ն փորձում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, սակայն միաժամանակ վավերացնում է Հռոմի ստատուտը, ըստ էության՝ Ադրբեջանին դատելու համար, Հակոբ Արշակյանը պատասխանեց, որ աշխարհի 150-ից ավելի երկիր վավերացրել է Հռոմի ստատուտը, սակայն դա չի արվել հարևան պետություններին դատելու համար։

«Հարյուրավոր խաղաղ երկրներ կան։ Այո՛, խաղաղության օրակարգը մեզ համար առաջնահերթ է, բայց, այնուամենայնիվ, պետք է հաշվի նստել նաև այն փաստի հետ, որ Հայաստանի մի շարք տարածքներ օկուպացիայի մեջ են այս պահին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը։

  • Կիսվել: