Հրապարակե՛ք այդ փաստաթղթերը, թող հանրությունը տեսնի՝ ով է ստում. Քրիստինե Վարդանյանը՝ Արարատ Միրզոյանին
Ես, ոնց ձեր ելույթից հասկացա, զբաղվում եք գործընկերների հետ հարաբերություններով, հարևանների հետ հարաբերություններով ու ընդդիմության հարցերով։ Ելույթի մեծ մասը նվիրված էր ընդդիմությանը ու այս կոնտեքստում մի հատ կասեք, այդ ի՞նչ ենք պնդել օրինակ, որ պարզվել է վերջը սուտ է եղել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստնիե Վարդանյանը։
«Ես կարող եմ ասել, դուք ինչ եք ասել, որ սուտ է դուրս եկել։ Դուք օրինակ ասել եք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսեք, երբ պայմանագիրը ստորագրվի, առանց պայմանագիր ստորագրվելու սկսել եք այդ գործընթացը։
Ձեր խոսքի մեջ ասում եք, որ փոխադարձ ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ես կարող եմ նշել, որտեղ եք դուք Ադրբեջանի տարածքային ամբողջական թվերով ճանաչել։ Խնդրում եմ ինձ կբերեք մի օրինակ, որտեղ Իլհամ Ալիևը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դուք այսօր էլ մոռանում եք ասել, որ մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից օկուպացված են։ Բայց չեք մոռանում նշել, որ մենք ունենք ադրբեջանական տարածքներ որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում։ Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերե՞ք, որ Ադրբեջանը ասում է իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է մի օր այդտեղից դուրս գան։
Մի հատ էլ հարց ապաշրջափակման մասին ունեմ, ես ուզում եմ, հասկանալ, այն առաջին օրը, որ լուրը տարածվեց, որ այլևս Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը կարող է գալ Հայաստան, այնպես աղմուկ այնպես տոնակատարություններ, անկեղծ ես էլ խառնվեցի իրար։ Հիմա Ադրբեջանի տարածքից բեռները մտնելու են Հայաստա՞ն, ոչ, Ղազախստանից ավելի կա՞րճ ժամանակում է գալու, ասում են՝ չէ։ Ավելի լա՞վ ցորեն է գալու, ասում են՝ չգիտենք։ Հացը էժանանալո՞ւ է, էլի՝ չգիտենք։
Հիմա բեռները պետք է Ադրբեջանից գան Վրաստան, էնտեղից Հայաստան։ Սա՞ է ձեր պատկերացրած ապաշրջափակումը։ Այսինքն Հայաստանի տարածքով պիտի անխոչընդոտ բեռները անցնեն, իսկ մեր դեպքում Ադրբեջանի տարածքով պիտի գան Վրաստան, Վրաստանից մտնեն»,–ասաց Վարդանյանը։
Ի պատասխան Արարատ Միրզոյանն ասաց. «Ես ձեր ելույթից հասկացա, որ դուք իմ ելույթը ընդհանրապես չեք հասկացել, կամ հասկացել եք, բայց ձեռ չի տալիս խոստովանել, որ համաձայնեք, որ ես ճիշտ բաներ եմ ասում։
Ասում եք՝ դուք ասել էիք Մինսկի խումբը կլուծարենք, եթե պայմանագիրը ստորագրվի։ Հիմա եկեք հասկանանք ինչի էինք մենք ուզում, որ պայմանագիրը ստորագրվի, որ հաստատվի խաղաղություն Հիմա եթե օգոստոսի 8-ին պայմանագրի նախաստորագրմամբ, երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ, սկզբունքների հռչակումով, Ալմա Աթայով, տարածքային ամբողջականության սկզբունքով, ստորագրում են և հետո գրված էլ հերիք չի, մի հատ էլ մարդիկ մեդիային են ասում անմիջապես, որ վերջ խաղաղություն է հաստատված է։ Ոչ միայն հայկական կողմը, նույն Ադրբեջանը, նույնիսկ երկրներ, որոնք չեն մասնակցել այդ միջոցառմանը, ողջունում են, խաղաղության հաստատում։ Այսինքն նպատակը, որը դրված էր Մինսկի խմբի լուծարման համար, այն է խաղաղության հաստատումը, արդեն արված է, ինչի՞ մենք պետք է նստենք, սպասենք պայմանագրի ստորագրմանը»։
Անդրադառնալով Ալիևի կողմից ՀՀ տարածքը քառակուսի կիլոմետրերով չճանաչելուն, ԱԳ նախարարն ասաց. «Մենակ քառակուսի կիլոմետրերի հռչակմա՞մբ է փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է և Վաշինգտոնյան հռչակագրում, և նախաստորագրված տեքստում, և կանոնակարգում, որը դուք այստեղ վավերացրել եք։
Մնացածը, ներողություն, ողջ հարգանքով հանդերձ, հերթական պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է։ Ամեն առիթի դեպքում ասում եք՝ վայ հասեք, ամեն ինչ տվեցին, վայ Սյունիքն էիք հանձնում։ Հիմա մարդ իսկականից չալարի, սահմանները անցնի, ասի՝ հիմա ո՞վ էր Սյունիքը հանձնում։ Գուժում էիք, զանազան պրոցեսներ ձեր գույժերով խրախուսում էինք։ Վայ էս են հանձնում, վայ էն տարածքը տվեցին, վայ Տավուշում եկեղեցին տվեցին։ Ինչ ասես ասում էիք։ Մի խոսքով, տիկին Վարդանյան, լավ չեն ձեր գործերը»։


